«Շատ դեպքերում սահմանազատումը տեղի է ունենում մեր զինվորների կյանքի հաշվին». Անդրանիկ Թևանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդանիկ Թևանյանի գնահատմամբ՝ այնպես չէ, որ իշխանությունները, որոնք մշտապես պնդում են, թե ժողովրդից ոչինչ չեն թաքցնում, ժողովրդի առաջ պարզ ու թափանցիկ են աշխատում, ակնհայտ է՝ ժողովրդի թիկունքում գաղտնի գործընթացներ են տեղի ունենում:
«Շատ դեպքերում ոչ ֆորմալ ձևով ու մեր զինվորների արյան գնով է տեղի ունենում սահմանազատումն ու սահմանագծումը, մասնավորապես, նոյեմբերի 16-ին տեղի ունեցածը դա է հուշում: Մեզանից բացարձակ գաղտնի են պահում, թե ինչ պայմանավորվածություններ են, օրինակ, ձեռք բերել Սոչիում, ինչու է փաստացի ձախողվել փոխվարչապետների հանդիպումը: Մենք տարբեր ինֆորմացիաներ ստանում ենք կուլիսներից, բայց ցանկալի կլիներ, որ իշխանությունները բացահայտեն: Ակնհայտ է, որ այս իշխանությունների պարագայում մենք ամեն օր նոր շոկ ենք ապրելու: Հերթական շոկը երեկ էր, երբ Ալիևը փաստացի պահանջեց հստակ ժամկետներ սահմանել «միջանցքի» մասով, և իրենք չեն թաքցնում, որ իրենց ասած «միջանցքը» կարող են ստանալ նաև ուժով»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Թևանյանը:
Ըստ պատգամավորի՝ այս պարագայում ստացվում է, որ իշխանությունները կա՛մ նոր պատերազմ են բերելու, կա՛մ ոչ ՀՀ ազգային անվտանգությանը նպաստող սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ են կատարելու:
«Փաշինյանն ամեն ինչ կարող է տալ, բայց իր ասածները որևէ նշանակություն չունեն: Հայաստանը ներկայացված է պարտության խորհրդանիշի դեմքով, իսկ պարտության խորհրդանիշը չի կարող բանակցել հակառակորդի հետ և չի կարող նորմալ հարաբերություններ հաստատել մեր դաշնակիցների ու բարեկամների հետ: Ցավոք, մենք պատերազմում պարտվեցինք այս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության արդյունքում: Մեր դիրքերը թուլացել են, և այսօր թշնամուն «միջանցք» չի տրվում ոչ թե նրա համար, որ մենք ենք դրան խոչընդոտում, այլ ՀՀ գոյությունն այսօր պահպանվում է արտաքին գործոնների շնորհիվ: Շնորհիվ Ռուսաստանի ու Իրանի: Իրանը հստակ հայտարարել է, որ դեմ է «միջանցքին» և տարածքային ամբողջականության փոփոխությանը: Ռուսաստանն էլ որպես ՀՀ ռազմավարական գործընկեր, բնականաբար, չի կարող դրան կողմ լինել»,-հավելեց պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում