«Թե որ պաշտոնյան կգնա Արցախ կամ չի գնա, կարծում եմ՝ դա երկրորդական հարց է». Էդուարդ Աղաջանյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի խոսքով՝ խնդրահարույց է այն, որ Արցախում ադրբեջանական կողմի զինված անձը սպանում է  ազգությամբ հայ խաղաղ քաղաքացիական անձին։

«Այն բոլոր գործընթացները տվյալ հարցի համատեքստում, որոնց  մասնակից է Հայաստանը, առաջին հերթին միտված են, որպեսզի նմանատիպ դեպքերն օր, ժամ առաջ դադարեն, որպեսզի իրական դեէսկալացիա տեղի ունենա, որպեսզի այսուհետև նմանատիպ դեպքերը բացառվեն։ Սա Հայաստանի կառավարության առաջնային նպատակն է, և սրա համար կան բոլոր հնարավոր գործիքակազմերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Էդուարդ Աղաջանյանը։

Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ-ն պաշտոնապես չի հայտարարում, որ հայ պաշտոնյաները պետք է ազատ գնան Արցախ, քանի որ այն հայկական տարածք է, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ թվում է, թե Հայաստանը պաշտոնապես հայտարարություններ պետք է տարածի, որոնք առաջին հայացքից կամ որոշ հանրային շրջանակների կողմից ընդունելի կամ ցանկալի ձևակերպումներ են։

«Բայց մենք նաև պետք է գիտակցենք, որ ցանկացած հայտարարություն՝ յուրաքանչյուր կառավարող ուժի ներկայացուցչի կողմից, հղի է կոնկրետ հետևանքներով, և ՀՀ յուրաքանչյուր պետական այր որևէ տառ արտասանելուց առաջ պետք է լավ գիտակցի իր խոսքի կշիռն ու հետևանքները։ Թե որ պաշտոնյան կգնա Արցախ կամ չի գնա, կարծում եմ՝ դա երկրորդական հարց է»,- ասաց նա։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև հանդիպում չի կայացել, և դրա մեղավորը հայկական կողմը չէ։

«Մեր դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ մնում է նույնը, որ ղարաբաղյան հակամարտության միակ լուծումը պետք է տեղի ունենա և տեղ գտնի Մինսկի խմբի ձևաչափում»,- շեշտեց նա։

Տեսանյութեր

Լրահոս