«Աշխատանքներն ընթանում են, ինչը լավագույն ապացույցն է, որ բոլոր կողմերը շահագրգռված են, որպեսզի հարցը լուծվի». Էդուարդ Աղաջանյան
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն այսօր հանձնաժողովի փակ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հրաժարվեց որևէ տեղեկություն հայտնել ավելի վաղ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ: Ի դեպ, նիստին՝ բացի ԱԽ անդամներից, մասնակցում էին նաև ՔՊ անդամներ՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի համար հանձնաժողով ստեղծելուն, իշխանության ներկայացուցիչը սահմանափակվեց միայն տեղեկացնելով, որ հանձնաժողով ստղծելու աշխատանքներն ընթացքի մեջ են։
«Այս պահին այդ հարցը քննարկման փուլում է։ Ինչ վերաբերում է ԱԺ պատվիրակության այցին Արցախ և դրա վերաբերյալ Ադրբեջանի արձագանքին, ապա ես չեմ ուզում դրանք մեկնաբանել։ Կոնկրետ այս հարցի վերաբերյալ հայկական կողմը որևէ բան չունի արձագանքելու ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցիչներին։ Դա իրենց հայտարարությունն է, թե Արցախ մեկնելու պատրվակով են տապալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպումը Ստոկհոլմում, ես դա չեմ ուզում մեկնաբանել»,- նշեց Էդուարդ Աղաջանյանը։
Հարցին՝ ՀՀ ԱԺ պատվիրակության այցերը Արցախ կշարունակվե՞ն,. Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, թե չի կարող ասել։
«Կարծում եմ՝ այս պահի դրությամբ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Արտաքին գործերի նախարարի հանդիպումների շրջանակում, դրանք առանձին գործընթացներ են, և դրանց հանդիպումների, մասնավորապես, տեղի ունենալը կամ չունենալը պայմանավորված են կոնկրետ գործոններով»,- հավելեց Է. Աղաջանյանը։
Թե ինչ կետերի շուրջ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որի մասին հայտարարել էր ՀՀ ԱԽՔ-ը, Էդուարդ Աղաջանյանն այսպես պարզաբանեց՝ փոխվարչապետների հանդիպումները պարբերական բնույթ են կրում, և համանախագահող երկրները և երկրների ներկայացուցիչները փորձում են գտնել երկուստեք ընդունելի լուծումներ, և այդ ճանապարհը հարթ ու սահուն չէ։
«Այդ աշխատանքներն ընթանում և շարունակվում են, ինչը լավագույն ապացույցն է առ այն, որ բոլոր կողմերը շահագրգռված են, որպեսզի հարցը լուծվի և վերջապես կողմերը գան երկուստեք ընդունելի տարբերակների։ Բարդ չէ կռահել, տվյալ հանձնաժողովը կումունիկացիաների վերաբացման վերաբերյալ գործառույթների շրջանակներում է գործում, հետևաբար՝ հարցերն ու քննարկումները վերաբերում են տվյալ ոլորտին։ Յուրաքանչյուր կողմ փորձում է առավել արդյունավետ ու շահեկան դուրս գալ տվյալ քննարկումների արդյունքում։ Եվ այս քննարկումների արդյունքում է, որ պետք է այդ ընդհանուր հայտարարի գան և ընդհանրական գտնեն այն կետերը, որոնց շուրջ պետք է կառուցվի վերջնական տարբերակը»,- ընդգծեց նա։