Իրանը չի պատրաստվում Կասպից ծովում հայտնաբերած նավթահանքը զիջել Ադրբեջանին
Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստեմ Ղասեմին երեկ կտրականապես մերժել է պաշտոնական Բաքվի հավակնությունները «Սարդար Ջանգալ» նավթահանքի նկատմամբ, որը գտնվում է Կասպից ծովում:
Ղասեմին ընդգծել է, որ այդ նավթահանքը գտնվում է Կասպից ծովի իրանական բաժնեմասում և պատկանում է Իրանին: Նշվում է, որ այդ նավթահանքը գտնվում է 700 մետր խորության վրա, այն մի քանի միլիարդ բարելով ավելացնում է Իրանի նավթային պաշարները:
Հիշեցնենք, որ դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ նավթարդյունաբերության նախարարությունը ազգային սեկտորների հիման վրա իրականացրել է Կասպիցի բաժանման պրակտիկան: Համաձայն այդ բաժանման՝ Ադրբեջանին բաժին էր հասել Կասպից ծովի տարածքի մոտ 70.000 քառ. կմ, Թուրքմենստանին` 80.000 քառ. կմ, Ռուսաստանին` 60.000 քառ. կմ, Ղազախստանին` 105.000 քառ. կմ և Իրանին` 55.000 քառ. կմ: