Բաժիններ՝

Առաջին նախագահը կատարեց իր քայլը, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Այն բանից հետո, երբ բռնապետական ռեժիմը նենգաբար հիշեցրեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պևորոսյանին, որ նա 68 տարեկան է, և վերջինս որոշեց չառաջադրել իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում, ոչ մի քաղաքական գործիչ (եթե նա իսկապես իրեն ներկայիս ռեժիմի հակառակորդ է համարում) չպիտի համարձակվեր առաջադրվել: Ընդհանրապես բոլոր հասարակական և քաղաքական ուժերը պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը՝ հայտարարելով, որ բռնապետության պայմաններում այդ ամենը հնարավոր չէ, վեր է ածվում կատարյալ ֆարսի և ջուր է լցնում ռեժիմի ջրաղացին:

Իհարկե, այդ պատմական չառաջադրումից հետո կարելի է, որոշ վերապահումներով, թույլ տալ, որ մարդիկ շարունակեն գնալ աշխատանքի, իսկ ամուսինները որոշակի քայլեր ձեռնարկեն՝ ժառանգներ ունենալու համար: Բայց ինչ մնում է հասարակական, քաղաքացիական ակտիվությանը, ապա այստեղ կասկած չկա՝ ցանկացած քայլ, որը կհանդգնի անել ցանկացած քաղաքական գործիչ՝ առանց ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի թույլտվության, ուղղված է բռնապետության երկարաձգմանը:

Ավելին՝ առաջին նախագահը կատարեց իր քայլը հենց նրա համար, որ հերթական անգամ պարզաջրի քաղաքական դաշտը՝ բաժանելով այն նրանց, ովքեր կողմ են բուրժուադեմոկրատական հեղափոխությանը և, հետևաբար, չեն առաջադրվում ու ոչ մեկի չեն սատարում, և նրանց, ովքեր սպասարկում են ռեժիմին՝ առաջադրվելով ու սատարելով:

Այդպիսով՝ հիմա արդեն պարգ է դառնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելը գաղտնի ստրատեգիայի շարունակությունն է՝ ստրատեգիա, որին փորձագիտական մակարդակով տիրապետում է ընդամենը 3-4 հոգի: Մնացած հասարակ մահկանացուները, որոնց հարկ չի համարվում տեղյակ պահել այդ գերգաղտնի ռազմավարության մասին, արժանի չեն դրան և կիմանան արդյունքներն ի հայտ գալուց հետո: Այդ ստրատեգիան սկսվեց քաղաքագիտական վերլուծությունից, շարունակվեց գաղտնի բանակցություններով, ինչի հետևանքով ավազակապետությունը մահացու հարված ստացավ:

Նույն ռազմավարության պսակն է առաջին նախագահի՝ ընտրապայքարին չմասնակցելը, ինչը առաջացրեց ռեժիմի և նրա չբացահայտված սպասարկուների խուճապը: Հենց այդ պատճառով է ոեժիմը շտապ կարգով առաջ քաշում նախագահի իր թեկնածուներին, որոնց նպատակը մեկն է՝ լեգիտիմացնել առաջիկա ընտրությունները:

Եվ, ուրեմն, այսօր ցանկացած ազնիվ քաղաքացու պարտքն է որևէ ձևով չմասնակցել նախագահական ընտրարշավին, նստել տանը և փնովել նախագահի բոլոր թեկնածուներին: Միայն այդպես է հնարավոր կառուցել մեր երազած ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս