«Մենք կապ ենք ստանում Ադրբեջանի տարածքով մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի և Նախիջևանի տարածքով Իրանի հետ». ՏԿԵ փոխնախարար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ճանապարհային անվտանգության հարցերը բազմակողմանի են և այդ բազմակողմանիության կոնտեքստում կարևոր նշանակություն ունի շարժակազմը, որն օգտագործվում է, նաև վարորդների պրոֆեսիոնալությունը և ճանապարհների երթևեկության որակը։

«Այսօր ճանապարհային ենթակառուցվածքներն աննախադեպ ծավալներով բերվում են նորմալ մակարդակի։ Այն փոփոխությունները, որոնք մենք արել ենք, և հիմա մրցույթներ են հայտարարում միասնական երթուղային օպերատորների ընտրության մասով, այդ ուղղությամբ աշխատանքները թույլ կտան շարժակազմն արդիականացնել, որը նույնպես շատ կարևոր է։ Միաժամանակ մենք Եվրոպայի հետ ունենք պայմանագիր, որի կանոնակարգերով կան սահմանված պահանջներ վարորդների մասնագիտական հմտությունների նկատմամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Սիմոնյանը։

Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը, նա նկատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով ենթադրվում է, որ պետք է տեղի ունենա տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում։

«Հունվարի 11-ի հայտարարության համաձայն՝ 4 կետով նախանշվել են այն մեխանիզմները, որոնց հիման վրա պետք է այդ ամենն առաջարկվի, այսինքն՝ ստեղծվում է  եռակողմ աշխատանքային խումբ՝ յուրաքանչյուր կողմի փոխվարչապետների գլխավորությամբ, և ուսումնասիրվում են տարբեր երթուղիներ։ Նույն հայտարարության մեջ նշված է նաև, որ որպես առաջնահերթություն՝ դիտարկվում է երկաթուղային և ճանապարհային երթուղիները։ Ասեմ, որ մեր կողմից երկաթուղու ուղղությունը պարզ է, մեկը՝ Երասխով դեպի Նախիջևան գնացող, մեկը՝ հարավային ուղղությամբ անցնողն է, ուղղություն ունենք, որը Հրազդանից գնում է  Իջևանով  դեպի Ադրբեջան։ Եվս մեկ երկաթուղային ուղղություն ունենք, որը գնում է  դեպի Թուրքիա։ Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ է, որ կան այսպիսի ուղղություններ, կոնկրետ Ադրբեջանի մասով մենք ունենք Երասխից, Հրազդանից և Մեղրիի հատվածով անցնող ուղղությունը»,- նշեց ՏԿԵ փոխնախարարը։

Ըստ նրա՝ այս փուլում դեռևս քննարկվում են երթուղիները, սահմանով անցնելու պրոցեդուրաները, սակայն հստակ որևէ բան չի կարող ասել, քանի որ որևէ հստակություն չկա։

«Սակայն ակնհայտ է, որ դա պետք է լինի ապաշրջափակում, և որևէ այլ բան չի քննարկվում և չի քննարկվելու մեր կողմից։ Խոսքը տարանցիկ փոխադրումների մասին է, այսինքն՝ մենք կապ ենք ստանում Ադրբեջանի տարածքով մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ, կապ ենք ստանում Նախիջևանի տարածքով Իրանի հետ, սրանք են այն հիմնական ուղղությունները, որոնք այս պայմաններում հնարավոր է ապաշրջափակել»,- եզրափակեց Արմեն Սիմոնյանը։

Տեսանյութեր

Լրահոս