Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում տնօրեն չընտրվեց․ կհայտարարվի նոր մրցույթ
Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցում այսօր տեղի ունեցավ տնօրենի ընտրություն։ Այդ պաշտոնի համար առաջադրվել էր 4 թեկնածու, սակայն նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ծնողական, ապա՝ մանկավարժական խորհուրդների նիստերին իր ծրագիրը ներկայացրած Արթուր Սարդարյանն այսօր մրցույթի մեկնարկից մոտ 1 ժամ առաջ զանգահարել էր դպրոցի կառավարման խորհրդի նախագահին և ինքնաբացարկ հայտնել։
Այդպիսով դպրոցի տնօրենի պաշտոնի համար հավակնորդների թիվը դարձել էր 3։ Երեքն էլ նույն դպրոցի փոխտնօրեններ՝ Կարինե Դուրգարյան, Քրիստինե Մայիլյան և Աննա Պետրոսյան, վերջինը նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ծնողական և մանկավարժական խորհուրդների նիստերից, ապա քվեարկություններից հետո ստացել էր 2-ական միավոր, և ընդամենը 2 ձայն էր հարկավոր, որպեսզի ընտրվեր դպրոցի տնօրեն։
Կառավարման խորհրդի անդամներն այսօր լսեցին 3 թեկնածուների ներկայացրած զարգացման ծրագրերը, հարցեր ուղղեցին նրանց, ինչից հետո տեղի ունեցավ բաց քվեարկություն։ Կառավարման խորհուրդը բաղկացած է 9 անդամներից, որոնցից 2-ը մանկավարժական խորհդի ներկայացուցիչներն են, 2-ը՝ ծնողական խորհրդի, և այսօր քվեարկելու իրավունք չունեին, քանի որ փոխանցելու էին նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ծնողական և մանկավարժական խորհուրդների փակ քվեարկության արդյունքները, իսկ խորհրդի մյուս 5 անդամների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ՝ Կարինե Դուրգարյանի օգտին՝ 1 ձայն, Քրիստինե Մայիլյանի օգտին՝ 1 ձայն, Աննա Պետրոսյանի օգտին՝ 1 ձայն, խորհրդի մյուս 2 անդամները չքվեարկեցին թեկնածուներից և ոչ մեկի օգտին, դա բացատրելով զարգացման ծրագրերի թույլ լինելու հանգամանքով։ Ծնողական և մանկավարժական խորհուրդների ձայների գումարային արդյունքը հետևյալն էր՝ Կարինե Դուրգարյան՝ 1 ձայն, Քրիստինե Մայիլյան՝ 1 ձայն, և Աննա Պետրոսյան՝ 5 ձայն։
Կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 161-Ն որոշման համաձայն՝ թեկնածուն պետք է հավաքի առնվազն 6 ձայն, որպեսզի ճանաչվի հաղթող, քանի որ թեկնածուներից ոչ ոք չհավաքեց 6 միավոր, նշված կարգի համաձայն՝ գործող տնօրենի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո 3 օրվա ընթացքում դպրոցի կառավարման խորհուրդը նոր մրցույթ պետք է հայտարարի, որն էլ հնգօրյա ժամկետում պետք է հաստատի ԿԳՄՍ նախարարությունը։
Հիշեցնենք, որ Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 ավագ դպրոցի գործող տնօրեն Մանվել Պապոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է սույն թվականի դեկտեմբերի 19-ին: