Բաժիններ՝

Պատմամշակութային նշանակություն ունեցող որևէ շինություն չի տուժելու, քանի որ բացակայում են հնագիտական շերտեր. ԿԳՄՍ նախարարությունը՝ «Ֆիզգորոդոկ»-ի մասին

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում սեպտեմբերի 29-ից հողային աշխատանքները դադարեցվել էին, հոկտեմբերի 23-ի առավոտյան վերսկսել էին, ապա դադարեցրել, իսկ նոյեմբերի 11-ից կրկին սկսել են աշխատել: Այս մասին ահազանգում են բնակիչները՝ շեշտելով, որ 3 ամիս է՝ խոսում են այս մասին, 3 տարի է՝ իրավական ճանապարհով են պայքարում, սակայն, դեռևս անարդյունք:

ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեցինք, թե 2021թ. փետրվարին հայտնել էին, որ «Ֆիզգորոդոկի» տարածքը ճանաչվել է որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021թ. մայիսին հանվել է Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից՝ ինչո՞ւ և ի՞նչ հիմնավորմամբ է հուշարձանի կարգավիճակից հանվել, ովքե՞ր են փորձագետները:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին հասցեագրած մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից տեղեկացրեցին, որ 2021թ. մարտին ԿԳՄՍ նախարարություն է դիմել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը՝ կից ներկայացված փաթեթով հայտնելով, որ նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած տարածքի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում գտնվող 1976 քմ հողամասը ընկերությունը ձեռք է բերել 2018 թ.՝ սեփականության իրավունքով և ունի 12 հարկանի բնակելի շենքի կառուցման համար անհրաժեշտ քաղաքաշինական փաստաթղթերը: Հողամասի կառուցապատման համար փորձաքննություն անցած և Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված նախագծային փաստաթղթերը նույնպես առկա են, որոնց հիման վրա դեռևս 2006 թվականից տրամադրված է եղել ճարտարապետա-հատակագծային առաջադրանք:

Միաժամանակ, ըստ ներկայացված տեղեկատվության, նախագիծը քննարկվել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդում, որտեղ արժանացել է դրական եզրակացության։ Բացի դրանից, թեմայի վերաբերյալ անցկացվել են հանրային լսումներ, հարցը քննարկվել է ՀՀ հանրային խորհրդում:

«Հայտնում ենք, որ նախարարությունը տեղեկացված չի եղել նշված հողակտորում այլ սեփականատերերի և իրականացվող ծրագրերի իրականացման համար բոլոր անհրաժեշտ թույլտվությունները ստացած լինելու մասին և, հիմք ընդունելով «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի՝ 2021 թ․ մարտի 4-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները, սեփականատիրոջ իրավունքները և այդ իրավունքները հաստատող փաստաթղթերը, և այն հանգամանքը, որ բոլոր թույլտվությունները ձեռք են բերվել տարածքին հուշարձանի կարգավիճակ շնորհվելուց առաջ, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ քննարկվող տարածքը ծանրաբեռնված չէ նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած համալիրի մաս կազմող որևէ շինությամբ, այսինքն՝ պատմամշակութային նշանակություն ունեցող որևէ շինություն չի տուժելու, քանի որ բացակայում են հնագիտական շերտեր, փորձագիտական հանձնաժողովը որոշել է հավանություն տալ գիտավանի նոր լրամշակված սահմանների փոփոխությանը՝ հանելով ընդհանուր տարածքից (42.41 հա) «ՌԱՏԿՈ» ՍՊ ընկերությանը պատկանող 1976 քմ տարածքը»,- պատասխանել են նախարարարությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս