ԱՄՆ-ը և Հարավային Կորեան կնորացնեն համատեղ գործողությունների պլանները ԿԺԴՀ-ի հետ պատերազմի դեպքում
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան դեկտեմբերի 2-ին պայմանավորվել են նորացնել համատեղ գործողությունների պլանները պատերազմական ժամանակ արտակարգ իրադրության պայմաններում ԿԺԴՀ-ի կողմից աճող հրթիռա-միջուկային սպառնալիքը զսպելու համար: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Անվտանգության գծով դաշնակիցների (SCM) Սեուլում կայացած ամենամյա կոնսուտատիվ խորհրդակցության ընթացքում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Սո Ուկը եւ Լլոյդ Օսթինը հավանություն են տվել նորացված «Ռազմավարական պլանավորման հարցերով ղեկավարությանը», ասվում է հաղորդագրության մեջ: Փաստաթուղթը նախատեսում է ռազմական պլանի մշակում, որը պետք է նախապատրաստված լինի ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ռազմական ուժերի միացյալ հրամանատարության կողմից:
Դիտորդների կարծիքով, այն վկայում է դաշնակիցների այն վճռականության մասին, որը վերաբերում է պատերազմական ժամանակ տարբեր սցենարներին, ներառյալ Հյուսիսային Կորեայի ինչպես միջուկային, այնպես էլ՝ սովորական հարվածներին հակազդելու համար իրենց միավորված ռազմական հնարավորություններն օգտագործելուն: Համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդունել են Տայվանի նեղուցում խաղաղության ու անվտանգության պահպանման կարեւորությունը:
Այդ թեման առաջին անգամ բարձրացվել է խորհրդակցության ժամանակ: Դիտորդներն այն կարծիքին են, որ դա խոսում է երկկողմ դաշինքի մասշտաբների ընդլայնման մասին՝ Կորեական թերակղզու սահմաններից շատ հեռու անվտանգության ապահովման նպատակով:
Հայտարարության մեջ նաեւ ընդգծվում է կողմերի հավատարմությունը Հարավային Կորեայում ամերիկյան զինծառայողների ներկայիս թվաքանակի (28,5 հազար մարդ) պահպանմանը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: