Մեր հանձնաժողովում ունենք ավանդույթներ՝ հիմնականում աշխատել բաց ռեժիմով. Թագուհի Թովմասյանի արձագանքը ՔՊ-ական պատգամավորին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը այսօր հանձնաժողովում ներկայացրեց իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը։
Այս հանձնաժողովի նիստին մասնակցում էր նաև ԱԺ մեկ այլ՝ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, որը նախագծի ներկայացումից հետո առաջարկեց հետագա քննարկումն անցկացնել փակ ռեժիմով՝ լրատվամիջոցների աչքից հեռու։
«Սա աշխատանքային քննարկում է, երբ տիկին Թովմասյանը նախագիծը բերեց, մենք խնդրեցինք մեկ շաբաթ հետո ներկայացնի, որպեսզի քննարկենք ու տեսնենք՝ ինչ խնդիրներ կան։ Հասկանալի է, որ օրինագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ լսենք նաև բարձրացրած հարցերը։ Շատ դեպքերում կամերաները գուցե խանգարեն, ու հիմա որոշենք, որ թողնեն մենք աշխատենք, պարզապես աշխատենք։ Թեման իմացանք, պատգամավորները, իրավաբաններն այստեղ են, ունենք խնդիր, այդ խնդիրն իրավական կարգավորում է պահանջում, որի համար էլ այստեղ են եկել Քննչական կոմիտեից, Պաշտպանության նախարարությունից»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։
Ի պատասխան հնչեցրած առաջարկին, Թագուհի Թովմասյանն ասաց, որ Ա. Քոչարյանի գլխավորած հանձնաժողովում շատ ավելի գաղտնի թեմաներ են քննարկում, իր իսկ գլխավորած հանձնաժողովում այս պահին քննարկվում է զինծառայողների իրավունքներին առնչվող հարցեր։
«Մենք մեր հանձնաժողովում ունենք ավանդույթներ՝ հիմնականում աշխատել բաց ռեժիմով, որովհետև մենք Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովն ենք, և չեմ կարծում, որ այստեղ որևէ խնդիր կա, կամ որևէ մեկը կաշկանդվածություն կունենա»,- շեշտեց Թագուհի Թովմասյանը։
Արձագանքելով՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, ինչպես կորոշեն, որևէ խնդիր չի տեսնում։