Արդարադատության նախարարը Հայաստանի խայտառակությունն է

Քիչ առաջ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անունից հայտարարություն է տարածվել առաջիկա նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի թեկնածությունը սատարելու մասին: Ինչպես հայտնի է, երեք տարի առաջ այս կուսակցությունը կիսվեց երկու մասի` իշխանամետ և ընդդիմադիր:

Ավելի ճիշտ, ՀԱԿ-ին մաս կազմող ՍԴՀԿ իշխանամետ թևի ներկայացուցիչները հայտարարեցին, որ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն օրինականորեն ընտրված ատենապետ չէ, սակայն Լյուդմիլա Սարգսյանը դատական կարգով կարողացավ հաստատել իր ատենապետությունը: Դրանից հետո ՍԴՀԿ իշխանամետ թևը համագումար հրավիրեց՝ ընտրելով նոր ատենապետ՝ ի դեմս Գևորգ Պերկուպեկյանի:

Արդարադատության նախարարությունն օրինական ճանաչեց Գևորգ Պերկուպեկյանի համագումարը, և նրան գրանցեց՝ որպես ՍԴՀԿ ատենապետ: Սա միանգամայն իրավաչափ էր, քանի որ ՍԴՀԿ-ի պառակտման հիմքում կանգնած էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Այս պնդումը նույնիսկ ապացուցման կարիք չունի. նախագահին սատարման հայտարարության մեջ մի քանի անգամ շեշտվում է, որ սատարումն արվել է նաև հանուն կառավարության իմաստուն քաղաքականության: Մասնավորապես, ասվում է, որ ՍԴՀԿ-ն նման որոշում է կայացրել՝ նկատի ունենալով կառավարության կողմից իրականացված բարեփոխումները կամ կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի դրսևորումը: Լյուդմիլա Սարգսյանը դատական կարգով վիճարկեց Արդարադատության նախարարության որոշումը, սակայն դատարանը, գրեթե մեկ տարի է, որոշում չի կայացնում:

Կարդացեք նաև

Իր գրանցման պահից Պերկուպեկյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն որևէ քաղաքական գործունեություն չի ծավալել, չի մասնակցել խորհրդարանական կամ որևէ այլ ընտրության, և սա, կարելի է ասել, նրանց դեբյուտն էր:

Մեկնաբանելով ՍԴՀԿ Հայաստանի վարչության անունից տարածված հայտարարությունը՝ ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Այդ հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի, քանի որ Արդարադատության նախարարության որոշումը վիճարկվում է դատարանում: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ուղղակի խայտառակություն է, որ մեր արդարադատության նախարարը Հրայր Թովմասյանն է, որ նրան ավելի կսազեր ապօրինության նախարարի պաշտոնը: Քանի դեռ չկա դատարանի վճիռ, Հրայր Թովմասյանի ղեկավարած նախարարության որոշումը որևէ արժեք չունի, իսկ այդ որոշման արդյունքում իրենց կուսակցություն համարողների ասածները ես չեմ պատրաստվում մեկնաբանել: Այս հայտարարություն կոչվածն ընդամենը մի նպատակ ունի. ազդել դատարանի վրա, որպեսզի նա վճիռ կայացնի՝ հօգուտ Սերժ Սարգսյանին սատարողների: Չնայած, չեմ կարծում, թե Սերժ Սարգսյանը կարիք ունի նման սատարողների»:

Տեսանյութեր

Լրահոս