«Գյումրեցիներն ինձ չեն մերժել, նրանք որոշել են այդպիսի քվեարկություն իրականացնել». Շիրակի նախկին մարզպետ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ Կառավարությունը ասֆալտապատման աշխատանքների հետ կապված նշաձող է սահմանել և այդ նշաձողը սահմանած՝ առաջ է շարժվում։
«Ես հիմա ձեզ չեմ մանրամասնի, թե տեղային՝ որ հատվածում, ինչ չափի ասֆալտապատման աշխատանքներ կլինեն, բայց այն նշաձողը, որը սահմանել է կառավարությունը, այն պահած մենք շարժվում ենք առաջ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանը։
Սյունիքի այլընտրանքային ճանապարհների, մասնավորապես՝ Ճակատենի ճանապարհի մասին էլ ՏԿԵ փոխնախարարը հավաստիացրել է, որ բոլոր հարցերին լուծումներ կան, և դրանք ընթացքի մեջ են:
«Գուցե ժամանակի ու եղանակի հետ կապված՝ մի քիչ կարող են դանդաղել կամ արագանալ, դրանք արդեն ընթացիկ ու աշխատանքային հարցեր են»,- հավելեց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, որ Շիրակի մարզպետի պաշտոնում աշխատելու ընթացքում իրենից դժգոհ են եղել, այդ պատճառով էլ նրան այլ մարդ է փոխարինել պաշտոնում, Հ. Հարությունյանն ասաց, որ այն պահին, երբ ինքը հանդես է եկել՝ որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու, այդ պահից արդեն պարզ էր, որ չի կարող այլևս մարզպետ աշխատել՝ անկախ ընտրության ելքից, այդ որոշումն անփոփոխ էր։
«Ես էի գլխավորում ցուցակը, քանի որ քաղաքական թիմի կողմից կար առաջարկ և կար իմ կողմից ցանկություն։ Գյումրեցիներն ինձ չեն մերժել, նրանք որոշել են այդպիսի քվեարկություն իրականացնել։ Եթե ուզում են պատճառը հասկանալ, թե որպես ընտրություններ ինչու այդպես ցածր մասնակցություն եղավ, արդեն ունենք տվյալներ, բայց վերջնական լինելուց հետո, եթե զգանք, որ դրանց մասին արժե բարձրաձայնել՝ կասենք։ Քաղաքական թիմի հետ խնդիրներ չունեմ»,- շեշտեց նա։
Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանի մասին էլ փոխնախարարն ասաց, որ Շիրակի մարզը ամենապոտենցիալով մարզն է, հետևաբար վստահ է, որ Նազելի Բաղդասարյանը մարզպետի պաշտոնը զբաղեցնելու առաջարկը ստանալու ժամանակ ամեն ինչ հաշվի էր առել, այդ թվում՝ նաև գործի ծանրությունը։
«Համոզված եմ, որ նրա մոտ ամեն ինչ ստացվելու է, և նա հաջողելու է»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով շիրակցի գերիների խնդիրներին, նախկին մարզպետն ասաց, որ գերիների հարազատների հետ ոչ թե ի պաշտոնե հանդիպումներ են ունեցել, նրանց հետ արդեն նույն ցավը կիսող բարեկամներ են դարձել։
«Կարծում ենք, այս հարցը շուտափույթ կլուծվի, և այն ուժերը, որոնք այս պահին շատ մեծ կամք են դրսևորում այս հարցը լուծելու համար, նրանց մոտ ժամ առաջ կստացվի այդ հարցի լուծումը»,- եզրափակեց ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։