«Ես համաձայն չեմ, որ ՀԱԿ քայլը բեմադրություն էր». Գրիգոր Հարությունյան

«Ես այն կարծիքն ունեմ, որ ցանկացած հերթական ընտրության գնալը մեր երկրում իշխանափոխություն չի կարող բերել: Պարզ չէ՞` եթե գնում ես երկխոսության, գնում ես ինչ-ինչ քայլերի, դա ոչ մի արդյունք չի տա: Ես միշտ էլ այդ կարծիքին եմ եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը:

Նա համամիտ է իր թիմակից Նիկոլ Փաշինյանի այն գնահատականի հետ, թե երկխոսությունն իշխանության հետ Կոնգրեսի սխալներից մեկն էր: Գրիգոր Հարությունյանը, սակայն, համոզված է`Կոնգրեսն իր քայլերում ազնիվ է եղել:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում տպագրված հոդվածում Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  2011թ. ՀԱԿ հանրահավաքներին, գրել է. «Եթե իշխանության առաջ դրվում է արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ, այդ պահանջի կատարման համար վրաններ են դրվում Ազատության հրապարակում (քաղաքական պայքարի մաքսիմումի դրսևորում) և հայտարարվում մաքսիմալիստ չլինելու մասին, մարդկանց ռեակցիան դառնում է կանխատեսելի: Նրանք սկսում են մտածել, որ այն, ինչ տեղի է ունենում ֆարս է, բեմադրություն»:

Գրիգոր Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինքը Կոնգրեսի կատարած քայլը բեմադրություն համարո՞ւմ է, թե՞ոչ:

Կարդացեք նաև

«Ես չեմ կարող այդպիսի գնահատական տալ , ամեն դեպքում՝ ես գտնում եմ, որ ամեն ինչ արվել է ազնիվ: Ես համաձայն չեմ, որ դա բեմադրություն էր, հնարավորության սահմաններում Կոնգրեսը պայքարել է»,- նշեց ՀԺԿ քարտուղարը:

Արձագանքելով  հոդվածում հնչեցված այն ձևակերպմանը, թե՝ սեփական ժողովրդի նկատմամբ հարգանք ունենալ, նշանակում է նրան բացատրել սեփական քայլերի տրամաբանությունը (ինչը, ըստ հոդվածագրի, չի արել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:- հեղ.)՝ Գրիգոր Հարությունյանը պատասխանեց, թե ցանկացած քաղաքական գործիչ իր քայլերը պետք է բացատրի, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ «բացատրել է իր ձևով»:

«Հիմա՝ ինչքանո՞վ է բավարարում այդ բացատրությունը, այլ խնդիր է: Այդ մարդը հայտարարություն է արել, ասել է` էդպես եմ տեսնում, հիմա ճիշտ է ընկալվում, ճիշտ չի ընկալվում` դա այլ խնդիր է»,- նշեց Գրիգոր Հարությունյանը:

Նրա կարծիքով, որևէ արտառոց բան չկա ո’չ Նիկոլ Փաշինյանի քննադատությունների, ո’չ էլ դրանք հնչեցնելու ժամանակահատվածի մեջ: «Էդ մարդու իրավունքն է, երբ կուզենա կբարձաձայնի, ինչո՞ւ եք ամեն ինչի տակ բան տեսնում»,- ասաց ՀԺԿ քարտուղարը:

Գրիգոր Հարությունյանը նույնիսկ անընդունելի է համարում անընդհատ իրար գովերգելը: Կշարունակի՞ աշխատել Նիկոլ Փաշինյանը Կոնգրեսի թիմում, թե՞ ոչ, ըստ Գրիգոր Հարությունյանի՝ ժամանակը ցույց կտա, բայց պետք չէ ամեն  քննադատությունից հետո մտածել ՀԱԿ-ի փլուզման մասին:

Անահիտ Փիլոսյան

Տեսանյութեր

Լրահոս