Բնակչության 40-50%-ն Ամանորից հետո սթրեսային և հետսթրեսային ախտանշաններ է դրսևորում
Ամանորի շրջանում շատանում է ամուսնալուծությունների, ընտանեկան կոնֆլիկտների թիվը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Ըստ նրա`սրա մասին վկայում են Գլազգոյի համալսարանի անցկացրած հետազոտությունները: Ինչպես նշեց հոգեբանը, կան տվյալներ, համաձայն որոնց՝ բնակչության 40-50 տոկոսը Ամանորից հետո սթրեսային և հետսթրեսային ախտանշաններ է դրսևորում:
Ըստ հոգեբանի`հետամանորյա սթրեսը մեծ ուրախությունից հետո լիցքաթափվելու հետևանք է: «Ուրախությունից հետ մի պահ դատարկություն, տխրություն է գալիս: Կանայք են ավելի շատ նման վիճակներում հայտնվում: Տղամարդկանց մոտ ավելի շատ խմիչքի հետ կապված սթրեսներ են»:
Ս. Խուդոյանը նշեց, որ իրեն հետամանորյա սթրեսի հետ կապված հիվանդներ չեն դիմել: Ըստ նրա`Ամանորին մարդկանց մոտ դիտվում է դիսֆորիա`թեթև տխրության վիճակ, որը հոգեկան շեղումների չի հանգեցնում:
Հոգեբանը նաև տեղեկացրեց, որ կան հակադեպրեսիվ սննդամթերքներ`բանան, շոկոլադ, նուռ: Նա խորհուրդ տվեց ամանորյա դիսֆորիայից խուսափելու համար շատ քայլել, սննդամերքի կտրուկ փոփոխություն անել, ակտիվ հանգստի ձևեր նախընտրել, զբաղվել սիրելի գործով: