Ես երեկ ամբողջ գիշեր ներողություն եմ խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից. Պ. Հայրիկյան
«Ես երեկ ամբողջ գիշեր ներողություն եմ խնդրել աշխարհի բոլոր ոչխարներից, որ Հայաստանում դրամ ստանալով իր ընտանիքը վաճառող մարդկանց կոչել եմ ոչխար, նրանց ավելի խիստ պետք է կոչել»,- այսօր մամլո ասուլիսում այսպես պատասխանեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հարցին, թե արդյոք շարունակո՞ւմ է մնալ իր այն համոզմանը, որ «պետք է առնվազն ոչխար լինել, որ գումար վերցնել»:
«Նա, ով դրամ ստանալով ձայնը տալիս է դրամը տվողին, այլ ոչ թե իր ձայնը տալիս է համոզմունքներով, այդ մարդը հավասար է այն տղամարդուն, ով իր կնոջն ու երեխաներին վաճառում է դրամով, որովհետև հայրենիքը դրամով վաճառելն ավելի ահավոր բան է: Ոչ միայն դրամ տվողը իսկապես մարդ չէ, այլ տականք է, այլ նաև ստացողն է իրեն դնում ծախու արարածի տեղ: Դրանից վերջապես պետք է ազատվենք, եթե ուզում ենք որպես ազգ ապրել»,- ասաց Պարույր Հայրիկյանը: