Բաժիններ՝

Ինչպես սարքել մեխանիզմը. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է.

«Վերջերս նայում էի ամերիկյան «Newsroom» սերիալը՝ այն լրագրողների աշխատանքի մասին է: Առաջին տպավորությունը, որն առաջացել է թե իմ և թե, որքան շփվել եմ, իմ Հայաստանյան գործընկերների մոտ, հետևյալն է. ոչ տաղանդով, ոչ պրոֆեսիոնալիզմով մեր լրագրողները (խոսքը հենց լրագրողների և ոչ թե քարոզիչների կամ լուրեր մոգոնողների մասին է) չեն զիջում ամերիկացիներին: Փոխարենը նրանք ունեն լուրեր թողարկելու յուղած և տեխնիկապես կատարյալ մեքենա, որը տարբերվում է մեր մեքենայից ճիշտ այնքանով, որքանով տարբերվում են «նորագույն» «Երազը» նորագույն «Ֆորդից»:

Սերիալը հիշեցի՝ կարդալով լուրերն այն մասին, թե ինչպես է ԱՄՆ նախագահը առաջ քաշում Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի և պաշտպանության նախարարի թեկնածուներին, և ինչպես են դրանք քննարկելու Կոնգրեսում: Սա էլ տվյալ երկրի պետական մեխանիզմի կարգավորված լինելու վկայությունն է: Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Օբամային հեշտ չի լինելու նշանակել Ջոն Բրենանին և Չաք Հեյգելին այդ պաշտոններին, որովհետև Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականները բազմաթիվ դժգոհություններ ունեն այդ թեկնածուներից:

Ավելին, տվյալ դեպքում դեմոկրատները նույնպես կարող են առարկություններ ունենալ, որովհետև Հեյգելը (որն, ի դեպ, Վիետնամի պատերազմի վետերան է) հենց Հանրապետական, այսինքն՝ ձևական առումով «ընդդիմադիր» կուսակցության անդամ է, ինչը, սակայն, չի ազդել դեմոկրատ Օբամայի որոշման վրա: Այս հակակշիռների համակարգի շնորհիվ է, որ Օբաման չի կարող և չի էլ փորձելու բարձր պաշտոններում նշանակումներ անել «թայֆայական» սկզբունքով, իսկ եթե դա ինչ-որ հրաշքով տեղի ունենա, միևնույն է՝ հասարակությունը, Կոնգրեսը, Սենատը, լըատվամիջոցները այնպիսի ճնշում կգործադրեն, որ նման պաշտոնյաներից ու գուցե նման նախագահից հեշտությամբ կազատվեն:

Ամերիկացի պաշտոնյաները և քաղաքական գործիչները ոչ բարոյական և ոչ էլ ինտելեկտուալ առումով չեն գերազանցում մերոնց (չհաշված կրթական ցենզը, որը մեր Աժ պատգամավորների կեսի մոտ բացակայում է): Պարզապես այդ երկրում մոտ 240 տարում ստեղծվել են այնպիսի ինստիտուտներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք կարողանում են արդյունավետ կազմակերպել քաղաքական և տնտեսական կյանքը:

Մենք, իհարկե, 240 տարի սպասելու ժամանակ չունենք: Ոչ էլ, հաշվի առնելով մեր շրջապատը, կարող ենք մեզ թույլ տալ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական պատերազմներ և այլ «շռայլություններ», որոնք եղել են ԱՄՆ և այլ՝ ներկայումս քիչ թե շատ բարեհաջող պետությունների պատմության մեջ: Մեզ համար հավասարապես վտանգավոր են թե լճացումը և թե հեղափոխությունը: Մնում է կազմակերպված, խաղաղ, զուսպ, բայց նաև վճռական ճնշումը, որը մեր երկրին բարեփոխումներ կպարտադրի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս