Վլադիմիր Գասպարյանի ընդունարանի փոխարեն հայտնվել է կալանավայրում
Քաղաքացի Արմեն Խալոյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին` ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելության մտնելու համար վիճաբանելու պատճառով:
Դատարանի վարույթում գտնվող քրեական գործի համաձայն` Ա.Խալոյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին` ժամը 16:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում, ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ:
Վեճի ընթացքում, ըստ մեղադրական եզրակացության, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, ամբաստանյալն աղմկել է և հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածներ հասցնելով Մ.Հակոբյանին: Այդպիսով, ըստ նախաքննական մարմնի, խորհրդականին պատճառվել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք: ‹‹Իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 20 րոպե տևողությամբ խաթարել է ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը››,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
‹‹Դատալեքս›› դատական տեղեկատվական համակարգի համաձայն, Ա.Խալոյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածներով` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
«Փաստինֆո»