Իրանը պաշտպանել է Բաշար Ասադի խաղաղության պլանը

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ`Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՝ երկրում առկա ճգնաժամի խաղաղ կարգավորման մասին պլանին:

Սալեհին ընդգծել է, որ Իրանը սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման նպատակով աջակցում է Բաշար Ասադի առաջարկած համապարփակ պլանին՝ երկրում առկա հակամարտությանը վերջ դնելու համար:

Բաշար Ասադը երեկ Սիրիայի ժողովրդին ներկայացրել է իր մոտեցումը երկրում ստեղծված իրավիճակի հանդեպ և առաջարկել է ճգնաժամից դուրս գալու փուլային պլան: Դրանում մասնավորապես խոսք է գնում օտար երկրների կողմից ահաբեկիչներին ֆինանսապես աջակցելու դադարեցման պարտավորության, ազգային երկխոսության վերաբերյալ կառավարական կոնֆերանս գումարելու, նոր կառավարության ստեղծման, նոր Սահմանադրության մշակման և համընդհանուր համաներման հայտարարման մասին:

Սիրիայում կառավարական զորքերի և զինված ընդդիմության ուժերի միջև բախումները սկսվել են 2011 թվականի մարտին, և ցայժմ այդ երկրում զոհվել է ավելի քան 60.000 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս