Բաց տարածքում դիմակ կրելու պահանջն ու Փաշինյանի խոստովանությունը

Առողջապահության նախարարի հրամանով՝ «կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով» նոյեմբերի 1-ից, այսինքն՝ ընդամենը 2 օրից, դիմակ կրելը պարտադիր  է լինելու հանրային բաց տարածքներում: Բայց մինչ այդ, չնայած վարչապետը, Առողջապահության նախկին ու ներկա նախարարներն անընդհատ ահազանգում ու զգուշացնում են կորոնավիրուսի տարածման վտանգների մասին, կարելի է հանրային միջոցառում անցկացնել առանց դիմակի: Ինչպես, օրինակ, այսօր Էջմիածին քաղաքում անցկացվեց առողջ ապրելակերպը քաջալերող «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը: Տպավորություն է, թե այսօր, երբ ընթանում է «Վարչապետի գավաթը», կորոնավիրուսն ինքն է որոշել չտարածվել:

Հայաստանում կորոնավիրուսի հերթական ալիքի ակտիվացմանը զուգահեռ՝ մեծանում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելուն սպասող քաղաքացիների հերթերը: Իսկ հերթերը, մարդկանց կուտակումները Քովիդի տարածման «լավագույն եղանակներից» են, բայց նախարարությունը հավանաբար դա էլ է բաց թողել իր վերահսկողության տիրույթից, այնինչ քաղաքակիրթ աշխարհում վաղուց գործում են հերթերի կառավարման տարբեր մեխանիզմներ:

Համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ շարունակում է պնդել դեռ մեկ տարի առաջ հրապարակած իր դիրքորոշումը, այսինքն՝ դեմ է բաց տարածքներում դիմակների կրմանը:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկաներում կամ բժշկական կենտրոններում մարդկանց կուտակումներին ու հերթերին, ապա, համաճարակաբանի խոսքով, դա ապացուցում է, որ ոլորտում և իրականացվող քաղաքականության մեջ կան խնդիրներ:

«Ախր պարզ բաներ են, Դուք էլ եք տեսնում, որ այդ նույն կուտակումները, այդ նույն լաբորատորիաների հերթերը, նույն պատվաստման կաբինետների դիմաց հերթերն արդյո՞ք չեն նպաստում տարածմանը: Եթե հանկարծակի հերթերի մեջ մեկնումեկը վարակվի ու այդ ժամանակ պատվաստվի, այդ մարդկանց հիվանդության ընթացքն է ավելի սրանալու, և այլն, և այլն: Դուք էլ եք տեսնում, որ կան որոշակի ոչ տրամաբանական որոշումներ, ես ի՞նչ մեկնաբանեմ: Պարզ է, որ խնդիրներ կան ամեն տեղ»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Խոսելով այն գործողությունների մասին, որոնք պետք է իրականացնել համաճարակային հերթական ալիքի ընթացքում, Հովհաննիսյանը նշեց, որ այն, ինչ ժամանակին չեն արել, կարելի է հիմա էլ անել:

«Նույն թիրախային հետազոտությունները, վաղ հայտնաբերումը, կոնտակտավորների հետ աշխատանքը: Մարդիկ, որոնք ջերմում են կամ իրենց մի քիչ վատ են զգում, աշխատանքի չպետք է գնան, պետք է տեղեկացնեն այն մարդկանց, ում հետ վերջին 2 օրվա մեջ շփվել են, որ իրենց մոտ խնդիր կա, որ այդ մարդիկ էլ մեկուսանան կամ հասկանան՝ ինչ կարող են անել: Բազմաթիվ միջոցառումներ կան, որոնք երբևիցե չեն իրականացվել և հիմա էլ չի իրականացվում: Այնպես չի, որ երրորդ ալիքն անցավ, ինչ-որ բան չարեցինք, 4-րդ ալիքի ժամանակ առողջապահության ոլորտի ղեկավարները մի բան կանեն: Նույնիսկ իմաստ էլ չեմ տեսնում այդ հարցերը մեկնաբանելու մեջ: Գնալով համաճարակին ավելի ու ավելի վատ են սկսում արձագանքել»,- ասաց Էդուարդ Հովհաննիսյանը:

Հ.Գ. Բայց այն, ինչ անում է Առողջապահության նախարարությունը, մասնավորապես՝ Քովիդի տարածման ռիսկը նվազեցնելու համար հանրային բաց տարածքներում դիմակ կրելու պահանջ է սահմանում, կարծես հակասում է կառավարության ղեկավարի պարզաբանումներին: Իհարկե, ոչ վարչապետը, և ոչ էլ Առողջապահության նախարարը բժշկական կրթություն չունեն, այդուամենայնիվ, անցնող շաբաթ կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, թե ինչով է պայմանավորված բաց տարածքներում դիմակների կրումը պարտադիր դարձնելու պահանջը.

«Չի բացառվում, որ այստեղ մենք նոր որոշումներ կայացնենք, ընդ որում, չի բացառվում, որ մենք առաջիկայում գնանք համընդհանուր՝ նաև բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտության արձանագրմանը: Ինչի՞ համար, ոչ թե խնդիրն այն է, որ բաց տարածքներում վարակելիության խնդիր կա, բայց երբ որ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, այդ դեպքում ավելի հեշտ է վերահսկել…»,- ասել էր Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս