«Տեսնում եք, թե Սյունիքում ինչ իրավիճակ ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի այդ որոշման արդյունքում». Խոզնավարի գյուղապետ
Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, երբ հարց էր հնչել Սյունիքում սահմանային իրավիճակի, ինչպես նաև ՀՀ սուվերեն տարածքում թշնամու հայտնվելու վերաբերյալ, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Սյունիքում հայկական զորքերը հետ են քաշվել իր անմիջական հրամանով։
«Ես երբևէ հրաժարվե՞լ եմ, որ ես այդ որոշման պատասխանատուն եմ: Երբևէ նման բան եղե՞լ է: Գրավո՞ր է եղել, թե՞ բանավոր է եղել, նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր՝ իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է՝ այո, եղել է: ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը, որովհետև հետո ինքը գործուղման էր, մասնակցել են այդ քննարկմանը»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։
168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ղեկավար Վարո Գրիգորյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նկատեց՝ ինքը չէ, որ պետք է ասի, թե Սյունիքում ինչի հանգեցրեց Նիկոլ Փաշինյանի այդ որոշումը։
«Բոլորդ էլ տեսնում եք, թե Սյունիքում ինչ իրավիճակ ստեղծվեց Նիկոլ Փաշինյանի այդ որոշման արդյունքում։ Այսօր բոլորդ էլ տեսնում եք, թե այստեղ ինչ է կատարվում»,- նշեց Վարո Գրիգորյանը։
Նա նշեց, թե չի կարող ասել՝ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր միանձնյա նման որոշում կայացնելու, թե՞ ոչ։
«Թող ամբողջ հայ ժողովուրդը հավաքվի ու որոշի՝ նա իրավունք ունե՞ր նման որոշում կայացնելու, որոշելուց առաջ էլ թող տեսնեն, թե Սյունիքում ինչ վիճակ է։ Իսկ եթե ուզում եք իմ կարծիքն իմանալ, ապա նա նման իրավունք չուներ՝ որոշելու ամբողջ Սյունիքի ճակատագիրը»,- եզրափակեց Վարո Գրիգորյանը։