Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան հայ-թուրքական կարգավորման հարցով խորհրդակցում է Ադրբեջանի հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, թե այդ ուղղությանն առնչվող հարցերի շուրջ Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
Չավուշօղլուն «CNN Türk»-ին ասել է, որ թուրքական կողմը այդ հարցը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած այցի ժամանակ:
«Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ: Միաժամանակ դրական ազդակներ եկան Հայաստանից: Մենք էլ մեր հերթին հայտարարեցինք, որ կպատասխանենք Հայաստանի դրական քայլերին, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին՝ դա նույնպես քննարկում ենք», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: