Բաժիններ՝

Վիետնամում սկսել են դեռահասներին պատվաստել COVID-ի դեմ դպրոցներում աշխատանքը վերսկսելու նպատակով

Վիետնամի իշխանությունները հոկտեմբերի 27-ին դեռահասներին COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստելու արշավ են սկսել, որպեսզի վերստին բացեն դպրոցները, որոնց աշխատանքն ավելի քան վեց ամիս առաջ դադարեցվել էր կորոնավիրուսի «դելտա» շտամի տարածման պատճառով: Այդ մասին հաղորդել է Associated Press (AP) գործակալությունը:

AP-ն նշում է, որ Վիետնամի առողջապահության նախարարությունն անցած շաբաթ թույլատրել է պատվաստել 12-17 տարեկան երեխաներին՝ մոտավորպես 14 միլիոն վիետնամցիների: Այս խմբի քաղաքացիների համար թույլատրվել է միայն Pfizer/BioNTech պատվաստանյութը: Առաջին պատվաստանյութն ստացել է Հոշիմին քաղաքի մոտավորապես 1,5 հազար դեռահաս: Բնակչության տարիքային այդ կատեգորիայի լիամասշտաբ պատվաստումը կմեկնարկի նոյեմբերին: AP-ն հիշեցնում է, որ Վիետնամի իշխանությունները դպրոցներն ու մյուս ուսումնական հաստատությունները փակել են մայիսին, երբ երկիրը բախվում էր կորոնավիրուսի «դելտա» շտամի հետ:

Դպրոցներում աշխատանքը վերսկսելու ամսաթիվը չեն հայտարարել, բայց AP-ի տվյալներով, կառավարությունը հույս ունի դա իրականացնել 2022 թվականի սկզբին: Շուրջ 98 միլիոն բնակչություն ունեցող Վիետնամում COVID-19-ի դեմ ներակում է ստացել բնակչության մոտավորապես 55 տոկոսը, բայց միայն նրանց կեսն է ստացել երկու չափաբաժինները: Worldometers վիճակագրական կայքի տվյալների համաձայն, ընդամենը համավարակի սկզբից ի վեր Վիետնամում COVID-19-ով վարակվել է 892 հազարից ավելի մարդ, ավելի քան 21,7 հազար ախտահարվածներ մահացել են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս