Իշխանական պատգամավորները մոտ 15 րոպե սպասում էին ԱԺ նախագահին, ներկաները մտածեցին՝ նրանք սպասում են Նիկոլ Փաշինյանին
Այսօր հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի օրն է: ԱԺ պատգամավորները կեսօրից հետո ծաղիկներ խոնարհեցին ԱԺ բակում տեղադրված զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության համաձայն, ծաղկեդրման արարողությունը նախատեսված էր ժամը 13:30-ին, սակայն ընդդիմությունը հայտարարված ժամից 30 րոպե առաջ հարգեց զոհերի հիշատակը: Սկզբում ծաղիկներ խորարհեցին՝ «Հայաստան», այնուհետև՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները:
Իշխող խմբակցության պատգամավորները հուշակոթողի մոտ եկան ժամը 13:30-ին, նրանց հետ էին նաև ԱԺ աշխատակազմի անդամները: Բոլոր պատգամավորները վերցրեցին ծաղիկներ և մի քանի շարքով կանգնեցին: ԱԺ բակում հավաքված լրագրողները սպասում էին, որ պետք է արդեն մոտենան և ծաղիկները խոնարհեն հուշակոթողի մոտ, սակայն պատգամավորները շարունակեցին զգաստ կանգնած մնալ՝ մոտավորապես 15 րոպե: Արդեն ներկաները, այդ թվում՝ հոկտեմբերի 27-ի զոհերի մի քանի հարազատ, մտածում էին, որ պատգամավորները սպասում են Նիկոլ Փաշինյանին, իրականում պարզվեց, որ սպասում էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին: Նախապես նշված ժամից 15 րոպե անց եկավ Ալեն Սիմոնյանը՝ մի քանի անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ: Տեղ հասնելուց հետո ԱԺ խոսնակը ծաղիկներ խոնարհեց հուշակոթողի մոտ, և միայն դրանից հետո պատգամավորներն էլ ծաղիկներ դրեցին: