Բաժիններ՝

Ինչպես երեխաներին զերծ պահել թվային աշխարհի սպառնալիքներից. պարզաբանում է Արմեն Կարապետյանը

Ներկայիս թվային դարաշրջանում համացանցին միացող բազմաթիվ սարքերը դարձել են նաև մեր երեխաների առօրյայի անբաժանելի մասը։ Եվ հաճախ ծնողները պետք է ջանք գործադրեն, որպեսզի երեխաներն այդ սարքերն օգտագործեն որպես օգտակար տեղեկատվության, անվտանգ շփման աղբյուր և զերծ մնան թվային, ինչու չէ, նաև իրական աշխարհի սպառնալիքներից։ Այդ գործը կարող են հեշտացնել նույն թվային տեխնոլոգիաները։

Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի» ընկերության տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը «Կասպերսկի. Բիզնեսը նոր դարաշրջանում» նախագծի շրջանակում նշեց, որ կան բազմաթիվ հավելվածներ, որոնք, տեղադրվելով ծնողի սմարթֆոնում կամ համակարգչում և երեխայի սմարթֆոնում, ծնողին թույլ են տալիս իմանալ, թե որտեղ է գտնվում երեխան։ «Սակայն, շատ չեն լուծումները, որոնց միջոցով կարելի է սահմանել երեխայի գտնվելու տարածքի սահմանները, և եթե երեխան դուրս գա այդ տարածքից, համակարգը, GPS-ով համապատասխան տվյալներն ստանալով, միանգամից ծանուցի ծնողին այդ մասին»,- նշեց նա՝ հավելելով, որ ծնողական հսկողության արդիական հավելվածներն ունեն բազմաթիվ այլ օգտակար գործառույթներ։

Դրանցից մեկն է, օրինակ, մարտկոցի լիցքի հսկողությունը, երբ ծնողը կարող է երեխային զգուշացնել այն լիցքավորելու անհրաժեշտության մասին. դա թույլ է տալիս ծնողին միշտ կապի մեջ մնալ երեխայի հետ։ «Այդ և մի շարք այլ գործառույթներ են ներառված Kaspersky Safe Kids հավելվածում, որն, ըստ էության, ապահովում է երեխայի անվտանգ վարքի լիարժեք վերահսկողություն»,- նկատեց կիբեռանվտանգության փորձագետը։

Նա կարևորեց սարքերից օգտվելու ժամանակը կարգավորելու հնարավորությունը, որը նպաստում է երեխաներին վիրտուալ ու իրական աշխարհում ակտիվության ճիշտ հավասարակշռություն գտնելը սովորեցնելուն: Այդ հարցում ծնողին կարող են կողմնորոշել երեխայի կողմից սարքի օգտագործման մասին մանրամասն հաշվետվությունները՝ օգնելով ժամանակին հասկանալ, թե վիրտուալ աշխարհում երեխայի ժամանակ անցկացնելու որ ասպեկտին է պետք հատուկ ուշադրություն դարձնել։

Արմեն Կարապետյանի բնորոշմամբ՝ նման հավելվածներն օգտակար են երեխաներին համացանցի անցանկալի բովանդակությունից հեռու պահելու առումով. դրանք  ընձեռում են անցանկալի բովանդակությունը և հավելվածներն արգելափակելու հնարավորությում։ Ի լրումն, հավելվածն ուղարկում է հաշվետվություններ երեխայի կողմից վեբ-էջերի դիտման մասին և ակնթարթային ծանուցումներ, եթե նա փորձում է մուտք գործել այն կայքերը, որոնք ծնողը նշել է որպես պոտենցիալ վտանգավոր։

Նրա խոսքով՝ ընդհանրապես, շատ կարևոր է, որ ծնողները փորձեն երեխաների հետ վստահության մթնոլորտում ընկերաբար քննարկել նրանց համար տարբեր սարքերի գնման և դրանց օգտագործման հարցերը, քանի որ միայն այդպես է հնարավոր երեխային սովորեցնել համացանցում վարքի կանոնները և զերծ պահել թվային աշխարհի սպառնալիքներից, որոնք հաճախ տեղափոխվում են իրական աշխարհ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս