Բարերար Մայք Սարյանի հայտարարության հետքերով

168.am-ը հոկտեմբերի 13-ին անդրադարձել էր «Prime Healthcare» ընկերության նախագահ, ամերիկահայ բարերար Մայք Սարյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստան ուղարկած իր նվիրատվությունը յուրացրել են պաշտոնական շրջանակները:

«Երկու տարում ես ուղարկեցի 15 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարություններ: Եվ հիմա լսում եմ, որ պաշտպանության նախարարը վաճառել և յուրացրել է այս արժեքավոր սարքավորումների մի քանի միլիոն դոլարի պարագաները, որոնք անվճար էին տրամադրվել Հայաստանին»,- գրել էր բարերարն իր ֆեյսբուքյան էջում:

168.am-ը գրավոր հարցումներ էր ուղարկել Առողջապահության և Պաշտպանության նախարարություններ՝ այս հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով:

Առողջապահության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հանրայնացրել էր իր պարզաբանումը՝ մասնավորապես տեղեկացնելով.

«Տվյալ խմբաքանակի բեռները եղել են թվով 4 հատ 40 ֆուտանոց բեռնարկղերով, որոնցից 3-ը բաշխվել են 2018-2021 թվականների ընթացքում՝ առավելապես 2018-2019 թվականներին: Բաշխվել են մոտ 30 բուժհաստատություների միջև, պատշաճ փաստաթղթավորման իրականացմամբ:

Եվս 1 բեռնարկղ ներկայում գտնվում է ՀՀ ԱՆ ԴԲՊԱԱԿ ՊՈԱԿ-ում, սակայն հաշվի առնելով, որ նշված բեռնարկղում առկա սարքերն ու սարքավորումները պիտանի չեն շահագործման՝ ինչպես նաև ոչ նպատակահարմար և որոշ դեպքերում անհնար է դրանց վերանորոգումը, ուստի ՊՈԱԿ-ի կողմից սկսվել է խոտանման և հետագա օտարման գործընթացը՝ համաձայն գործող բոլոր կարգերի:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում է սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը։ Միևնույն ժամանակ գերատեսչություններն անթույլատրելի են համարում զրպարտություն հանդիսացող անհիմն հայտարարությունների միջոցով պետական ինստիտուտների համբավը վարկաբեկելու փորձերը»:

Պաշտպանության նախարարությունից հոկտեմբերի 20-ին, մեր հարցմանն ի պատասխան՝ գրություն էին ուղարկել. «Հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ` հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Այսօր, սակայն, ուղարկեցին պատասխան, որում հղում էին կատարել հոկտեմբերի 14-ին լրատվամիջոցներից մեկում հրապարակված մի պարզաբանման:

Ստացվում է՝ նախարարությանը լրացուցիչ ժամանակ էր պետք այդ հոդվածը գտնելու համար:

Ինչևէ, հիշյալ հոդվածում առողջապահության և պաշտպանության նախարարությունների համատեղ պարզաբանումն էր, որում մասնավորապես նշվում էր. ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և առողջապահության նախարարությունը գնահատում ու կարևորում են սփյուռքահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը։ Միևնույն ժամանակ, նվիրատվություն ստացած խմբաքանակների բաշխման, իրացման, օգտագործման վերաբերյալ եթե առկա են այնպիսի փաստեր, որոնք առնչվում են այդ գույքերի վատնմանը կամ վաճառքին, խնդրում ենք դիմել իրավապահ մարմիններին, տրամադրել համապատասխան փաստեր»:

168.am-ը կփորձի լրացուցիչ պարզաբանումներ ստանալ նաև Մայք Սարյանից:

Հիշեցնենք՝ այս իշխանությունների նորամուտին Մայք Սարյանն անգամ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ, և դեռ այդ օրերին գործադիրի ղեկավարը համոզմունք էր հայտնել, որ ՀՀ առողջապահության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն կձևավորվի, ինչը կնպաստի առողջապահության ոլորտում բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը:

Ի դեպ, բարերարը Փաշինյանի հետ հանդիպման էր եկել դստեր, մոր, եղբոր և քույրերի հետ:

Տեսանյութեր

Լրահոս