Ի գիտություն ուսուցիչների` մի տրվեք շանտաժի
Հանրապետության տարբեր դպրոցներում այս շրջանում տեղի են ունենում դպրոցի տնօրենների ընտրություններ։
Քիչ դպրոցներ կան, ուր այդ ընտրություններն անցնցում են անցնում, որովհետև տեղում գործ ենք ունենում շահերի տարատեսակ բախումների հետ` քաղաքական նախընտրություններ, ներկոլեկտիվային հակասություններ, և, ի վերջո, հեռացող տնօրենի տեղապահի` նախընտրած թեկնածուի` ամեն գնով ընտրվելու հարց։
Գաղտնիք չէ, որ դպրոցի տնօրենի ընտրությունը տեղի է ունենում 3 փուլով. գումարվում են կոլեկտիվի, ծնողական համայնքի ու լիազոր մարմնի ձայները, որի հանրագումարում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն դառնում է տնօրենի մրցույթի հաղթող։
Եվ ահա 168.am-ին տարբեր դպրոցների ուսուցիչներից ահազանգեր են ստացվում, որ հատկապես սեփական թեկնածու ունեցող հեռացող տնօրենները, տվյալ պահին դեռևս իշխանություն ունենալով, տառացիորեն շանտաժի են ենթարկում ուսուցիչներին` խոստում կորզելով նրանցից, որ կընտրեն իր առաջարկած թեկնածուին` կոպտորեն չարաշահելով պաշտոնեական դիրքը։
Այս պահին չենք հրապարակում այդ դպրոցների ու տնօրենների անունները, ովքեր հատ առ հատ իրենց մոտ են հրավիրում ուսուցիչներին, նրանց սպառնում, թե լսվում են իրենց հեռախոսազանգերը, վերծանվում են մեսինջերների գրառումները, որ իբր թե իրենք գիտեն` ում են ընտրելու այդ ուսուցիչները, և զգուշացնում չանել նման բան, ձայն տալ իրենց ասած մարդուն, այլապես վատ կլինի…
Վստահաբար ուսուցիչների և ուսուցչական կոլեկտիվների կողմից նման ահազանգերը կրկնվելու դեպքում մենք այդ անունները կհրապարակենք։
Սակայն այս պահին կոչ ենք անում ուսուցիչներին` չտրվել հիմնազուրկ և էժանագին, պրիմիտիվ այդ շանտաժներին։ Հեռախոսազանգերը լսել կամ մեսինջերների պարունակությունը վերծանել հնարավոր է միայն դատարանի որոշմամբ։ Հակառակ դեպքում դա քրեական հանցագործություն է, որին ոչ մի տնօրեն, եթե խելագար չէ, չի գնա։ Ավելին, դա պարզապես տեխնիկապես հնարավոր չէ. Ուժային կառույցները, նույնիսկ մեծագույն ցանկության դեպքում, տեխնիկապես չեն կարող դա անել:
Այնպես որ, հեռացող այդ տնօրենները կամ իշխանությունների առանձին ներկայացուցիչներն այդպիսով փորձում են ձեզ վախեցնել՝ իրենց ցանկալի ձայները ստանալու համար։
Ընտրության իրավունքի վրա ճնշում գործադրելը ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հանցակազմ պարունակող հոդված է։
Հորդորում ենք բոլոր ուսուցիչներին ցանկացած նման փորձի դեպքում ահազանգել ոստիկանություն կամ լրատվամիջոցներին։
Թույլ մի տվեք օգտագործել ձեզ ու բռնանալ ձեր ընտրությանը։