«ԱԺ ամբիոնը չլինի, 100 հատ հրապարակ կա, մեզ չեն կարող լռեցնել»․ Գեղամ Մանուկյան
Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ամբիոնից հայտարարեց, որ Արցախն ուրացողը դավաճան է, դավաճանություն է, որից հետո ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյան նախ զսպվածության կոչ արեց պատգամավորին, հետո հորդորեց անջատել նրա բարձրախոսը: Այնուհետև Գեղամ Մանուկյանին կոչ արեց զբաղեցնել իր տեղը, Գեղամ Մանուկյանը շարունակեց մնալ ամբիոնի մոտ կանգնած, որից հետո Ռուբեն Ռուբինյանը նիստերի դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին: Նիստերի դահլիճ մտած անվտանգության 2 աշխատակից մոտեցան ամբիոնին, բռնեցին պատգամավոր Գեղամ Մանուկյանի ձեռքերից և փորձեցին նիստերի դահլիճից դուրս տանել, այդ ժամանակ լսվեց ԱԺ փոխնախագահի ձայնը, թե ինքն ասել է՝ պատգամավորին ոչ թե դահլիճից, այլ ամբիոնի մոտից հեռացնել: Ի վերջո, Ռուբեն Ռուբինյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Այդ ժամանակահատվածում լրագրողների հարցին, թե ինչու ԱԺ փոխնախագահը դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց՝ երևի Ռուբեն Ռուբինյանին դուրը չեկավ, որ ԱԺ ամբիոնից Արցախը պաշտպանող եղավ:
«Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ փոխած, 1990 թվականին Կոմկուսով խորհրդարան մտած, ռամկավար դարձած, ՀՀՇ-ի հետ մտած Վիգեն Խաչատրյանն օրերս իրեն թույլ էր տվել ասելու, որ սխալ է այն թեզը, թե առանց Արցախի՝ Հայաստանն ապագա չունի, ինքնաբերաբար ուրանալով Արցախը, Արցախի հարցը, որը, կարծում եմ, ցանկացած խելամիտ մարդ, այդ թվում՝ ես և իմ տարեկիցները 30 տարի կանգնել ենք հրապարակում ու պայքարել Արցախի համար, պետք է իրերն իրենց անունով կոչել, ես էլ կոչել եմ դավաճանություն: Ցանկացած մարդու հարցրեք՝ ո՞վ ուրանում է Արցախը, ի՞նչ անուն ենք տալիս՝ դավաճանություն»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
Ըստ նրա, իր համար անհասկանալի է, թե ինչո՞ւ Ռուբեն Ռուբինյանը դավաճանություն բառի համար վատ զգաց, ուրանալով նաև իր հոր՝ Կարապետ Ռուբինյանի պայքարը:
«Վիգեն Խաչատրյանն իր խոսքի մեջ ակնարկել էր երեկ Կիպրոսում մեր հայրենակիցների բողոքների գործողությունները, որն ինքնին հասկանալի է, այնտեղ որոշներին ճանաչեցի, նրանք մեր այն հայրենակիցներն են, որոնք տասնամյակներով պայքարել են հայ ժողովրդի իրավունքների համար: Խորհրդանշական էր, որ Ալեն Սիմոնյանը երկու երկիր ճանապարհորդում է, միայն իշխանական պատգամավորներով, կարծես ընդդիմադիր պատգամավորներ ԱԺ-ում չկան: Այդ միապետական վիճակն արտահայտվեց նաև ԱԺ-ում, երբ ԱԺ պատգամավորի կարծիք ասելն արդեն զինվորականներով հեռացնելն է: ԱԺ ամբիոնը չլինի, փառք Աստծո, 100 հատ հրապարակ կա, մենք բոլոր հրապարակների տեղերը գիտենք, 30 տարի մեզ չեն կարողացել լռեցնել, հիմա էլ չեն կարող լռեցնել: Նախորդ երեք ամիսներին էլ Փաշինյանի երեսին ասել եմ՝ հողատու, դավաճան, և շարունակելու եմ ասել, որովհետև դա համոզմունք է»,- հավելեց Գեղամ Մանուկյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում