Բաժիններ՝

Բուլղարիայում ազատել են մեկ ամիս առաջ խութերի մեջ խրված նավը

Vera SU չորաբեռնանավը, որը Բուլղարիայի սեւծովյան առափնյակում խրվել էր խութերի մեջ, պատահարից հետո 36-րդ օրը հաջողվել է դուրս բերել: Այդ մասին հաղորդել է Բուլղարիայի ազգային ռադիոն (ԲԱՌ): Ռադիոյի հաղորդմամբ, նախապես դուրս են բերել ազոտային պարարտանյութերի բեռը շրջակա միջավայրի աղտոտումից խուսափելու համար:

Գործողությունն սկսվել է երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 25-ին, տեղական ժամանակով մոտավորապես 17:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) եւ տեւել է ավելի քան յոթ ժամ: Դրանում գործի է դրվել երեք քարշակ: Չորաբեռնանավն սկսել է ընթանալ կեսգիշերից 16 րոպե անց, արդեն երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 26-ին: Նավը քարշակվում է Վառնա քաղաքի նավահանգիստ, դրա համար կպահանջվի 16-ից մինչեւ 18 ժամ:

Ինչպես նշում է ռադիոն, Vera SU չորաբեռնանավի հետագա ճակատագիրը հայտնի չէ: Թուրքական 90-մետրանոց Vera SU նավը, որ տեղափոխում էր ազոտային պարարտանյութեր, աղետի ազդանշան է տվել սեպտեմբերի 20-ի առավոտյան: Պանամայի դրոշի ներքո ընթացող չորաբեռնանավը խրվել մնացել էր «Յայլատա» ազգային հնագիտության արգելոցի մերձակայքի խութերի մեջ: Ավելի վաղ ողջ անձնակազմը՝ Թուրքիայի վեց քաղաքացի եւ երեք ադրբեջանցիներ, տարհանվել են նավից: Կալանքի տակ են գտնվում չորաբեռնանավի կապիտանը եւ նրա երկրորդ օգնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս