Բաժիններ՝

Հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով:

Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունն Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Արտակ Բեգլարյանը հանգամանալից ներկայացրել է Արցախի ներկա քաղաքական ու մարդասիրական կացությունը, ինչպես նաև՝ ապագային միտված մոտեցումներն ու ծրագրերը:

Պետնախարարն ընդգծել է Սփյուռքի ծանրակշիռ դերը Արցախի անցյալում՝ համոզմունք հայտնելով, որ ապագա վերականգնման ու զարգացման ուղղությամբ ևս շարունակվելու են համայն հայության միասնական ջանքերը: Նա ընդգծել է, որ Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, որքան՝ մարդկային կապիտալի տեսքով, որը կարող է հայրենիքի երկարաժամկետ զարգացման ու զորացման համար լրջագույն հնարավորություններ ստեղծել:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում՝ նշելով, որ թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:

Նշվում է, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս