Ռոքֆելլերից մեջբերումներով սկսեցիք, այնուամենայնիվ հասկանալի չդարձավ՝ ի՞նչ է տալու մեզ այդ մեկ-երկու օրվա չաշխատելը տնտեսապես. Թագուհի Թովմասյան

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Ամանորյա տոներին ոչ աշխատանքային սահմանել միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և 6-ը: «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ապա պատասխանեց պատգամավորների հարցերին:

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը նախարարից հետաքրքրվեց. «Դուք ամեն առիթով խոսում եք տնտեսական ակտիվության մասին, բայց այս Ձեր նախագծի վերաբերյալ բազմաթիվ գործարարներ, հիմնականում՝ ովքեր կազմակերպում են հանգստյան գոտիների աշխատանքը և ժամանցի օբյեկտները, դժգոհություն են հայտնում, որ մեկ-երկու օր կրճատելով՝ նրանց եկամուտներից դուք ահռելի գումար եք կրճատում. արդյո՞ք այդ մեկ-երկու օրվա աշխատանքն այսքան կարևոր էր, որ Ռոքֆելլերից սկսեցիք՝  գրքի մեջբերումներով, սակայն այնուամենայնիվ հասկանալի չդարձավ՝ ի՞նչ է տալու մեզ այդ մեկ-երկու օրվա չաշխատելը տնտեսապես»:

Ի պատասխան՝ Վահան Քերոբյանը նկատեց, որ հակառակը՝ իրենք առաջարկում են աշխատել և ոչ թե՝ չաշխատել, ապա մանրամասնեց. «Եթե դուք ի նկատի ունեք, որ ամանորյա տոներին որոշ հյուրանոցներ պետք է չաշխատեն, ապա մեր ունեցած տվյալները և մեր անցկացրած հարցումները ճիշտ հակառակն են ասում. այսինքն՝ այն հյուրանոցները կամ այն ռեստորանները, որոնք հույս ունեն, որ ամանորյա արձակուրդների ժամանակ պետք է ավելի շատ գումար աշխատեն, իրենք շատ ուրախ են, որովհետև ակնհայտ է՝ մարդկանց մեծ մասը  տոներին  կմնա Հայաստանում և չի մեկնի արտերկիր, ինչը հնարավորություն կտա ճամփորդել երկրի մեջ:

Մենք բերել ենք տնտեսական հիմնավորումները, որը ես չցանկացա ներկայացնել, բայց մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս գործողության արդյունքում ամբողջ ՀՆԱ-ն՝ այդ թվում՝  առևտուրը, էապես կաճեն»:

Թագուհի Թովմասյանը զարմանքով արձագանքեց, թե  4 օր կրճատելու պարագայում հյուրանոցային տնտեսություններն ինչպե՞ս են ուրախ, և նորից հետաքրքրվեց՝ ինչքա՞ն են տուժելու հյուրանոցները: Վահան Քերոբյանը հավաստիացրեց՝  բոլոր հաշվարկներն արել են. հյուրանոցներն էլ ռեստորաններն էլ ավելի շատ են աշխատելու գումար այդ օրերին:

Տեսանյութեր

Լրահոս