Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ
Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ՝ ԵՄ-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամ առաջացնելու համար: Այդ մասին, ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի, նշված է Եվրամիության առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով:
«Եվրամիությունը կշարունակի շտապ կարգով հակազդել բելառուսական վարչակարգի շարունակական հիբրիդային հարձակմանը՝ մասնավորապես սահմանափակող միջոցներ կիրառելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», – ասված է համատեղ հայտարարության մեջ:
ԵՄ ղեկավարության պնդմամբ՝ Բելառուսը անօրինական ներգաղթյալներ է ուղարկում Եվրամիության երկրներ: Եվրոպական լիդերները հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են ներգաղթյալներին քաղաքական նպատակներով օգտագործելու երրորդ երկրների փորձերը: