Հայաստանը մտել է մի հորձանուտի մեջ, որտեղից ինչպես դուրս կգա՝ կախված է լինելու մեր սերունդների ապագան. Արմեն Ռուստամյան

«Հայաստան» դաշինքի նախաձեռնած «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն արձանագրեց՝ Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենում լուրջ գործընթացներ, սակայն մեր պաշտոնական քննարկումների համար առանձնացված հարթակներում այդ կարևորությամբ խնդիրները չեն քննարկվում:

«Մենք միշտ ականատես ենք լինում երկրորդական, երրորդական նշանակություն ունեցող հարցերի քննարկման, երբ ունենք շատ հստակ զգացում սպառնացող վտանգների, որ այսօր կանգնած են Հայաստանի և հայության առջև. աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ: Հայաստանը մտել է մի հորձանուտի մեջ, որտեղից ինչպես դուրս կգա՝ կախված է լինելու մեր սերունդների ապագան:

Այդ կարևորությունը մեզ բերել է այս թեմայի ձևակերպմանը, որ Հայաստանի, Արցախի և հայության առջև կանգնած են լրջագույն սպառնալիքներ, վտանգներ, որոնց արձանագրման անհրաժեշտությունն այսօր հրատապ է»,- մանրամասնեց պատգամավորը՝ շեշտելով նաև, որ արձանագրելուց զատ պետք է փորձեն հասկանալ, թե այդ մարտահրավերները հաղթահարելու ինչպիսի ուղիներ կան:

Նա հորդորեց այս քննարկումը չդիտարկել՝ որպես կուսակցական կամ նեղհատվածական հերթական միջոցառմանն առնչվող քննարկում. «Մենք այս քննարկումով ուզում ենք սկիզբ դնել մի գործընթացի, որի ավարտը պետք է լինի ՀՀ առջև կանգնած մարտահրավերների, դրանց հաղթահարման ուղիների շատ հստակ պատկերացումը, և սա նաև դարձնենք մի հնարավորություն, որ հանրային դիսկուրսը, հանրային քննարկումները կենտրոնանան այս գլխավոր խնդրի վրա»:

Ի դեպ, Արմեն Ռուստամյանը տեղեկացրեց, որ քննարկումը կամփոփվի փաստաթղթով, որում արձանագրված կլինեն ինչպես վտանգներն ու սպառնալիքները, այնպես էլ՝ հնարավոր լուծումներն ու ուղիները: Իսկ քննարկման ավարտին կձևավորվի նաև աշխատանքային խումբ, որը կպատրաստի հանրությանը հասանելի նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս