Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու ժամկետը կավելանա
Պաշտպանության նախարարությունը շրջանառության մեջ է դրել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցության վճարման ժամկետի փոփոխության մասին նախագիծ, որով առաջարկվում է նախկինում սահմանված ժամկետն 9 ամսվա փոխարեն՝ սահմանել 12 ամիս:
Նախագծի հեղինակների հիմնավորմամբ՝ փոփոխության նպատակն է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին հնարավորություն տալ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելու գործընթացն ավարտին հասցնել, ինչպես նաև աջակցության գումարների վճարման շարունակականությունն ապահովել և հնարավոր բողոքի դրսևորումներից զերծ մնալ:
Այժմ գործող կարգավորմամբ նախատեսվում է մինչև անհայտ կորած զինծառայողների կարգավիճակի հստակեցումը, բայց ոչ ավելի, քան 9 ամիս, ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցություն տրամադրել յուրաքանչյուր անհայտ կորած զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամ՝ սկսած միջոցառումը հաստատելու ամսվանից (ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 10-ի «Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին» N 2001-Լ որոշում):
Նախագծի հիմնավորումներում նշված է նաև, որ հոկտեմբերի 19-ի դրությամբ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչված ընդամենը 85 անհայտ կորած զինծառայողի փաստաթղթեր են ներկայացվել ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանմանը, մինչդեռ, «գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընդհանուր թվի հարաբերակցությամբ՝ դատական կարգով անհայտ բացակայող ճանաչվածների թվաքանակը բավականին քիչ է»:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի 2001-Լ որոշմամբ սահմանված հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է 9 ամսվա համար՝ 9-րդ ամսվան հաջորդող ամսվա 1-ից, հետևաբար` օգոստոս ամսվան հաջորդող ամսվա 1-ից արդեն իսկ դադարեցվել է նշված որոշման բոլոր շահառուներին աջակցության գումարների տրամադրումը, ինչն անհայտ կորած զինծառայողների ընտանիքների շրջանում հանգեցրել է բողոքի ալիքների:
Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետն 9 ամսվա փոխարեն՝ սահմանել 12 ամիս»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ըստ նախագծի հեղինակների՝ որոշման նախագծի ընդունմամբ 2021թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություն չի նախատեսվում: