Բաժիններ՝

«Պիեսում նկարագրվող դեպքերը տեղի են ունեցել Կալինոսկու կնոջ նախատատերի, նախապապերի հետ․․․»․ Կարո Բալյան

Բեմադրիչ Կարո Բալյանը, որը տարիներ շարունակ համագործակցում է տարբեր թատերախմբերի հետ, անդրադառնում դասական և ժամանակակից հեղինակների ստեղծագործություններին, այս անգամ բեմ է բարձրացրել լեհ դրամատուրգ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» գործը:

Այն պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերի մասին, որոնք փորձում են նոր կյանք սկսել ԱՄՆ-ում:

Թատերասերները ներկայացումը կարող են դիտել հոկտեմբերի 23-ին Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում: Բեմադրության մեջ զբաղված են Գրիգոր Գաբրիելյանը, Թամարա Գևորգյանը, Մկրտիչ Արզումանյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

«Թամարան, Մկրտիչ Արզումանյանն ու ես հասկացանք, որ իսկական ժամանակն է այս ներկայացումը բեմադրելու համար՝ ելնելով մեր իրականությունից: Ցավոք, մենք չսխալվեցինք, որովհետև ցավը նստած է ժողովրդի մեջ: Այդ են փաստում ներկայացման առաջնախաղի բուռն ծափահարությունները, բեմադրության հանդեպ մեծացող հետաքրքրությունը. շատ են այն մարդիկ, որոնք զանգահարում են, տոմսեր պատվիրում»,- նշեց ներկայացման բեմադրիչ Կարո Բալյանը:

Ըստ նրա՝ կատակերգությունների համար ևս ժամանակ և տեղ կա, որովհետև լինում է իրավիճակ, երբ հանդիսատեսին պետք է ինչ-որ կերպ սփոփել, բայց «Հրեշը լուսնի վրա» գործը բեմադրելը անմիջական կապ է ունեցել հենց Բալյանի և ստեղծագործական խմբի մյուս անդամների տրամադրության հետ:

Բեմադրիչ հիշեցրեց, որ պիեսը տարբեր տարիների բեմադրվել է ոչ միայն Հայաստանում, այլև Ֆրանսիայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Այն իրական հենք ունի, և քանի դեռ կա ցավն ու խնդիրը, «Հրեշը լուսնի վրա» ստեղծագործությունը չի դադարի արդիական լինել:

«Պիեսում նկարագրվող դեպքերը տեղի են ունեցել Կալինոսկու կնոջ նախատատերի, նախապապերի հետ: Նա գրի է առել նրանց պատմությունները, հետաքրքրվել է հայերի կոտորածներով և գրել սրտին դիպչող այս ստեղծագործությունը»,- նշեց Բալյանը:

Անդրադառնալով դերակատարներին՝ նա ասաց, որ ֆանտաստիկ կազմ է, որոնց հետ մեծ բավականություն է աշխատելը: Ներկայացման պրոդյուսերը հենց Թամարա Գևորգյանն է: «Թե՛ Մկրտիչ Արզումանյանի, թե՛ նրա որդու՝ Ալեքսանդրի, թե՛ պարոն Գաբրիելյանի, և թե՛ Թամարայի հետ համագործակցությունը հրաշալի է: Ամեն անգամ մեծ հետաքրքրությամբ եմ հետևում Մկրտիչ Արզումանյանի և նրա որդու խաղին: Մկրտիչը շատ պահանջկոտ է իր հանդեպ, առավել պահանջկոտ է որդու հանդեպ, ինչն ավելի լավ արդյունքի է բերում: Ես իրավունք չունեմ թատերասերներին խորհուրդ տալ դիտել այս ներկայացումը, սակայն խորհուրդ եմ տալիս»,- կես կատակ, կես լուրջ ասաց Կարո Բալյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս