«Մտավախություն ունեմ, որ իշխանությունը պատերազմին առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացնելու է». Տիգրան Աբրահամյան

«Արցախի 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, մենք շարունակում ենք մնալ մեր վշտերի հետ, շարունակում ենք ընթանալ պարտության հետևանքները հաշվի առնելով, որոնք, ցավոք, այս ժամանակահատվածում մեզ համար որևէ նոր կամ բարենպաստ միջավայր չեն ստեղծել»,- «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած հերթական քննարկման ժամանակ, դիմելով պատերազմում զոհված տղաների ծնողներին ու ընտանիքի անդամներին՝ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Ըստ պատգամավորի, այս համատեքստում կարևոր է արձանագրել, թե կոնկրետ որտեղից է սկսվել գլխավոր խնդիրը, թեև ծավալվելու համար երկար ժամանակ կպահանջվի, քանի որ մեկ տարին որոշակի հարցերի պատասխաններ վերլուծությունների ու ուսումնասիրությունների արդյունքում տվել է։

«Կա մեկ տեղեկատվություն, որին մինչև օրս որևէ մեկը չի տիրապետում, այսինքն՝ տիրապետում են մի քանի անձինք, որոնք ևս ներկայացնում են իշխանությունը, և քողարկելով իրական տեղեկատվությունը, որը կարևոր է մեզ հասկանալ և՛ պատերազմի պատճառների և՛ պատշաճ չարձագանքելու, ինչպես նաև ժամանակին պատերազմը չկանգնեցնելու և հետագայում հետպատերազմական իրավիճակում ճգնաժամում որևէ հաղթահարում չցուցաբերելու համար։

Մտավախություն ունեմ, որ իշխանությունն ամեն ինչ անում է՝ բացի նրանից, որ ստեղծված իրավիճակի պատասխանատվությունն  իր վրայից տարբեր կեղծ թիրախների վրա է բաժանել, նաև այս ընթացքն օգտագործելու է և պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացնելու են։ Իշխանությունը ոչ միայն տեղեկատվական ու քաղաքական առումով է դաշտ նախապատրաստել, այլև կարողացել է ճնշումների միջոցով որոշ անձանց բերանները փակել՝ ուղղակի ահաբեկումների միջոցով  թույլ չտալ, որպեսզի խոսեն։ Ցավալիորեն պետք է արձանագրենք, որ մեր փնտրած շատ հարցերի պատասխաններ կարող ենք գտնել միայն այն ժամանակ, երբ Հայաստանում այս իշխանությունը չլինի»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ իր խոսքերը զուտ հայտարարություն չեն այն մասին, որ իրենք պայքարում են իշխանության փոփոխության համար, այլ իրականում այդ պայքարն ունի տարբեր պատճառներ, որ ներկայիս իշխանությունների օրոք ճշմարտությունն ամբողջովին իմանալու հնարավորություն ուղղակի չունեն։

Նրա խոսքով՝ այսօր երկու հարթություններում ունեն խնդիր՝ անհետ կորած տղաներին առնչվող և հասկանալու, թե պատմությունն ինչու է նման ընթացք ընտրել։ Երկրորդ հարցի պատասխանը ստանալու համար, ըստ պատգամավորի, խնդիրներ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ երկրի կառավարման ղեկին այսօրվա իշխանությունն է։ Իսկ անհետ կորած տղաների վերաբերյալ էլ, նրա կարծիքով՝ այն անձինք, որոնք պատասխանատու են այդ տղաների ճակատագրի համար, չափազանց վատ են աշխատում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս