«Երևան քաղաքում, այո՛, պիտի լինի Շուշիի փողոց… Շուշին մեր հայրենիքն է». Հայկ Մամիջանյան
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության Երևանի խորհուրդը նախաձեռնել է ստորագրահավաք՝ Երևանում Շուշիի փողոց անվանակոչելու համար: Ստորագրահավաքի մեկնարկը տրվեց Ավան վարչական շրջանի «Սուրբ ընտանիք» հուշարձանի մերձակայքից:
168.am-ի հետ զրույցում ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնեց, որ զուգահեռ երեք վարչական շրջաններում տեղի է ունենում ստորագրահավաք, որը կշարունակվի մինչև կիրակի, ապա ստորագրահավաքը կշարունակվի առցանց:
«Ֆիքսված թիվ սահմանված չկա, թե ինչ քանակությամբ ստորագրությունների պարագայում է քաղաքապետարանը դիտարկում նման դիմումները, սակայն օրենքը պահանջում է նաև հանրային քննարկումներ իրականացնել, և այդ հանրային քննարկումները կիրականացվեն էլի բացօթյա, ազատ բոլորի համար, այգիներում, որպեսզի մեր համաքաղաքացիները կարողանան իրենց կարծիքը հայտնել առաջարկվող պահանջի նկատմամբ…
Մենք ուզում ենք այս խունտային ևս մեկ անգամ ցույց տալ, որ իրենք փոքրամասնություն են, իրենք չեն արտահայտում ժողովրդի իրական կարծիքը մեր հայրենիքի վերաբերյալ, որովհետև եթե իրենց համար հայրենիքի կորուստը իրենց պարագլխի պատճառով, իրենց պարագլխի ապիկար և որոշ դեպքերւոմ դավաճանական գործունեության պատճառով, նորմալ է, մեր համար դա նորմալ չէ, և դրա հետ հաշտվելու պլաններ մենք չունենք»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Մամիջանյանի խոսքով՝ ընտրվել է Շուշին, որովհետև Շուշին նվիրական քաղաք է յուրաքանչյուր հայի համար, ու Շուշին ընտրվել է՝ որպես նվիրական խորհրդանիշ:
«Երևան քաղաքում, այո՛, պիտի լինի Շուշիի փողոց: Այո՛, մեր համաքաղաքացիները պիտի միշտ վառ պահեն այն գաղափարը, որ Շուշին մեր հայրենիքն է, Հադրութը մեր հայրենիքն է՝ բոլոր դրան հետևող արդյունքներով»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում