«Ցանկանում ենք հասկանալ, թե Հայաստանի քաղաքական դաշտը, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի Արցախի խնդրում». Մերի Դավթյան

ՀՀ ԱԺ-ում Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական, իրավական և կրթական խնդիրների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության նախկին ղեկավար Մերի Դավթյանն ասաց, որ միշտ էլ Արցախում տրամադրությունները պայմանավորված են լինում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։

«Մենք հունիսյան արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո այլ բան էինք մտածում, դրանից առաջ՝ այլ բան, մտածում էինք, որ ընտրություններից հետո ՀՀ ԱԺ-ում կձևավորվի Արցախի հարցերով հանձնաժողով, սակայն ընդդիմությանը չհաջողվեց իրականացնել դա, որն անելու դեպքում կարող էինք միասին աշխատել։ Օգնության ակնկալիք Հայաստանից մշտապես ենք ունեցել, այժմ՝ առավել ևս, բայց պետք է խոստովանեմ, որ միշտ չէ, որ այդ ազդակները համարժեք են լինում, որովհետև մենք իսկապես՝ ի դեմս «Հայաստան» դաշինքի և Տիգրան Աբրահամյանի, մշտապես հետևում ենք և տեսնում, որ Արցախի թեման առկա է։ Սակայն այդ ամենը մեզ այդքան էլ չի բավարարում, մենք ուզում ենք որոշակիություն»,- նշեց Մերի Դավթյանը։

Նա ընդգծեց, որ իրենց համար կարևոր է հայկական երկու պետություններում քաղաքական կայունությունը, անվտանգությունը, քանի որ Արցախում խաղաղապահների ներկայությամբ էլ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք անհանգստացնող են։

«Ցանկանում ենք հասկանալ, թե Հայաստանի քաղաքական դաշտը, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի Արցախի խնդրում։

Մենք չգիտենք, թե Արցախի ճանաչման խնդիրը երբ է նորից մտնելու օրակարգ, որովհետև եթե նկատել եք, հիմա միջազգային հանրությունն ասում է, թե՝ Հայաստանը չի ճանաչել, ի՞նչ եք ուզում մյուսներից»,- շեշտեց նա։

Արձագանքելով Մերի Դավթյանի Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողով չձևավորելու վերաբերյալ մտահոգություններին, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ասաց, որ այդ հանձնաժողովը, անշուշտ, ստեղծվելու է։

Հիշեցնենք, որ քննարկումը նախաձեռնել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս