Ատեստավորված 996 ուսուցչից 468-ը կստանա հավելավճար. ԿԳՄՍ նախարար
Այն բանից հետո, երբ կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը սկսեց «ռազմավարական ու շրջադարձային» ծրագրի մասին ելույթը ու ԿԳՄՍ նախարարից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է գործընթացը, Վահրամ Դումանյանը նրբորեն ճշգրտեց՝ տեղեկություն է տրամադրելու «արդեն իսկ ավարտված գործընթացի վերաբերյալ՝ ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ»:
«Սեպտեմբերի 26-ին ատեստավորումն է եղել, ընդհանուր առմամբ կամավոր ատեստավորման դիմել էին հանրապետության 1372 ուսուցիչներ, որոնցից ատեստավորման գործընթացին մասնակցեցին գրանցվածներից 996 ուսուցիչներ, որը կազմում է դիմածների 72.6%-ը: Կամավոր ատեստավորման մասնակցած ուսուցիչներից՝ 996-ից 468 ուսուցիչ, ըստ գիտելիքների ստուգման արդյունքում ստացած միավորների, կստանան 30, 40 կամ 50 տոկոս հավելավճար:
Ուսուցչի միջին աշխատավարձը՝ մեկ դրույքի, կազմում է շուրջ 125.000 դրամ: Այսպիսով՝ 30% հավելավճար ստացող ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա շուրջ 37.000 դրամով, 40% ստացածներինը՝ 50.000 դրամով, և 50% ստացածներինը՝ շուրջ 61.500 դրամով: Ատեստավորման գործընթացները կազմակերպվել են սեպտեմբերի 18-ին, 19-ին, 25-ի և 26-ին»,- ասաց Վահրամ Դումանյանը:
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս անգամ ատեստավորմանը մասնակցել են 7-12 դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ 7 առարկաների գծով: Նախարարի փոխանցմամբ՝ հաջորդ տարի ատեստավորմանը կմասնակցեն 5-12 դասարաններում դասավանդող ուսուցիչները՝ բոլոր առարկաների գծով:
Դումանյանը նաև ներկայացրեց, թե ըստ առարկաների և ըստ մարզերի ինչ ցուցանիշ է գրանցվել ատեստավորման առաջին փուլի արդյունքում:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում