Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան հաստատել է երկրում կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակի տարածման փաստը

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ երկրում տարածվում է կորոնավիրուսի «դելտա» շտամի նոր ենթատեսակը: Սակայն նա նշել է, որ դեռևս չկան ապացույցներ, որ այդ ենթատեսակն ավելի վտանգավոր է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ դելտա շտամի նոր ենթատեսակը՝ AY.4.2-ը, կարող է բուն «դելտա»-ից 10-15 տոկոսով ավելի վարակիչ լինել: Եթե այդ տվյալները հաստատվեն, ապա այս տեսակը կդառնա ամենավարակիչը կորոնավիրուսի տարածումից ի վեր:

Գիտնականները կարծում են, որ հենց AY.4.2-ը կարող է պատճառ լինել Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեպքերի թվի աճի համար: Հայտնի է, որ երկրում վարակումների 10 տոկոսն արդեն պատկանում են AY.4.2 տեսակին:

«Կորոնավիրուսը մուտացվում է, և մենք անդադար նոր տեսակներ ենք հայտնաբերում, այդ թվում և «դելտա»-ի նոր տեսակը, որն այս պահին անվանում են AY.4.2: Այս տեսակն այժմ արագ տարածվում է: Թեպետ այս պահին չկան տվյալներ այն մասին, որ AY.4.2-ն ավելի վտանգավոր է, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է հաջորդել դրան: Մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է նախարարը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Վերջին օրերին Մեծ Բրիտանիայում կտրուկ ավելացել է վարակումների, ինչպես նաև կորոնավիրուսի մահերի թիվը: Բժիշկներն ու մասնագետները նախազգուշացնում են հիվանդության նոր, ավելի մեծ հնարավոր ալիքի մասին՝ կոչ անելով ձեռնարկել հակահամաճարակային միջոցներ:

Երկրում այս պահին պատվաստված է ավելի քան 15 մլն մարդ, որը 12 տարեկանից բարձր բնակչության 79 տոկոսն է կազմում: Մասնագետները այս թվերը պայմանավորում են այն փաստով, որ պատվաստման վաղ փուլով անցած մարդկանց մոտ սկսում է թուլանալ ձևավորված իմունիտետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս