Բաժիններ՝

Բրազիլիայի նախագահին կարող են COVID-19-ից մահերի պատճառով զանգվածային սպանությունների մեջ մեղադրել

Բրազիլիայի Սենատի հանձնաժողովը հանձնարարում է զանգվածային սպանությունների մեջ մեղադրանք առաջադրել նախագահ Ժայիր Բոլսոնարուի նկատմամբ՝ COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գործում նրա գործողությունների կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է CNN-ը՝ վկայակոչելով կոնգրեսի հետաքննության զեկույցի նախագիծը:

Փաստաթղթի համաձայն, որին հաջողվել է ծանոթանալ հեռուստաալիքը, Բոլսոնարուն եւ կառավարության մյուս պաշտոնյաները մեղադրվում են այն բանում, որ նրանք թույլ են տվել, որպեսզի կորոնավիրուսը բնակչության շրջանում տարածվի՝ կոլեկտիվ իմունիտետի ձեռքբերման հույսով: Զեկույցի հեղինակները Բոլսոնարուի վարչակազմին մեղադրում են COVID-19-ի պատճառով երկրում արձանագրված բոլոր մահերի ավելի քան կեսի մեջ եւ կոչ են անում՝ սպանության մեջ մեղադրանք առաջադրել նախագահի դեմ:

«Համավարակի նկատմամբ կառավարության անխոհեմ մոտեցումը բրազիլացիներին ենթարկել է զանգվածային վարակման կոնկրետ ռիսկի»,-նշվում է զեկույցում: Զեկույցի նախագծում նաեւ հանձնարարվում է քրեական մեղադրանքներ առաջադրել 69 այլ անձանց, այդ թվում՝ Բոլսոնարուի երեք որդիների եւ կառավարության ներկա ու նախկին բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ: Սպասվում է, որ վերջնական փաստաթուղթը պաշտոնապես Բրազիլիայի Սենատում կքննարկվի հոկտեմբերի 20-ին, CNN-ին հաղորդել է Բրազիլիայի Սենատի համավարակի խորհրդարանական հետաքննության (CPI) գծով ներկայացուցիչը:

Փաստաթղթի նախագծի մի քանի մասեր դեռեւս կարող են փոխվել կամ նորացվել մինչեւ դրա պաշտոնապես ներկայացվելը: Հաջորդ շաբաթ Սենատի հանձնաժողովի կողմից հավանություն տրվելուց հետո հաշվետվությունը կուղարկվի գլխավոր դատախազ Աուգուստո Արասին, որն այնուհետեւ 30 օր կունենա այն միջոցառումների մասին հայտարարելու համար, որոնք բխում են զեկույցից: Արասը, որին շատերը համարում են Բոլսոնարուի դաշնակիցը, ինչպես սպասվում է, նախագահին սպանության մեջ չի մեղադրի: Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 21,6 միլիոն դեպք, մահացել է ավելի քան 603 հազար մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս