Բաժիններ՝

Աֆղանստանի ՆԳ նախարարը հողամասեր է խոստացել մահապարտ-ահաբեկիչների ընտանիքներին

Թալիբների կառավարությունում Աֆղանստանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Սարաջուդդին Հաքանին փող եւ հագուստ է բաժանել զոհված մահապարտ-ահաբեկիչների ազգականներին, ինչպես նաեւ խոստացել է հողամասեր տրամադրել այդ ընտանիքներին: Այս մասին հայտնել է նախարարության ներկայացուցիչ Քարի Սայիդ Հոսթին: Նշվում է, որ Հաքանին այդ հանդիպումն անցկացրել է Քաբուլի ամենահայտնի Intercontinental հինգաստղանի հյուրանոցում, որը կառուցվել է դեռ Զահիր-շահ թագավորի օրոք՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին ընդունելու համար: Հաքանին բարձր է գնահատել «նահատակների զոհաբերությունը»՝ նրանց անվանելով «իսլամի եւ երկրի հերոսներ»:

«Հանդիպման վերջում նա 10 հազարական աֆղանի (ավելի քան 110 դոլար) եւ հագուստ է բաժանել ընտանիքներին… եւ հողամաս է խոստացել յուրաքանչյուրի համար»,-Հոսթին գրել է Twitter-ի իր օգտահաշվում: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս