Ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը հասել է Պեկին
Ձմեռային Օլիմպիական խաղեր-2022-ի կրակը հոկտեմբերի 20-ի առավոտյան հասել է Չինաստանի մայրաքաղաք: Այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:
Աթենքից ինքնաթիռը, որի մեջ Խաղերի կազմկոմիտեի պատվիրակությունն էր, տեղական ժամանակով 06:01-ին (Երեւանի ժամանակով 02:01) վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայան:
Նախօրյակին Հունաստանն օլիմպիական կրակը փոխանցել է Օլիմպիական խաղերի կազմակերպիչներին: Արարողությունը տեղի է ունեցել Աթենքի «Պանատինայիկոս» մարզադաշտում՝ Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուի ներկայությամբ: Այս մարզադաշտը 1896 թվականին ընդունել է այժմեական առաջին Օլիմպիական խաղերը: Օլիմպիական կրակը վառել են հոկտեմբերի 18-ին Հին Օլիմպիայում՝ Օլիմպիական խաղերի հայրենիքում:
Հին Օլիմպիայից կրակը Աթերքի Ակրոպոլիս են տեղափոխել գիշերը, իսկ առավոտյան հասցրել մարզադաշտ: Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը այդ կրակից վառել է հատուկ ջահը եւ այն հանձնել Պեկինի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի փոխնախագահ Յույ Ցզայցինին:
24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը Պեկինում անցկացվելու են փետրվարի 4-20-ը, Պարալիմպիական խաղերը՝ մարտի 4-13-ը: Չինաստանի մայրաքաղաքն Օլիմպիական խաղերի անցկացման վայր է ընտրվել 2015 թվականի հուլիսի 31-ին Քուալա-Լումպուրում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում:
Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը կընդունի ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային խաղերը: Ամառային Օլիմպիական խաղերը Չինաստանի մայրաքաղաքում անցկացվել են 2008 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: