«Քննիչ հանձնաժողովում փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք քաղաքական դեմքեր են». Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Սյունիքի մարզի Գորիս համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նշեց, որ Գորիսում ընտրությունների նման պատկերը մի քանի պատճառներ ունի։

«Պատճառներից մեկը, որը ես շատ եմ կարևորում, գորիսեցիների և Գորիս խոշորացված համայնքի պատասխանն էր այս իշխանությունների իրականացրած քաղաքականությանը, որն իրականացրել են անվտանգության ոլորտում։ Պատերազմից հետո Գորիսն ու նրա հարակից շրջանները դարձել են սահմանակից, նրանք իրենց վրա են զգում ադրբեջանական լկտիությունների բոլոր հետևանքները, բնականաբար, մեր հայրենակիցներին չի բավարարում իշխանությունների խոստումները և մեկ-երկու իրականացրած քայլերը։ Իրավիճակն այն է, որ ունենք այսպիսի արդյունքներ։ Սակայն պետք է փաստենք, որ մենք դեռ չենք հասել այն կետին, երբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պետք է խորությամբ գիտակցի, որ այսօրվա վտանգները սպառնում են ոչ միայն սյունեցուն, Արցախի այս կամ այն բնակավայրին, այլ այդ վտանգն իջեցվել է մեր երկրի գլխին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորելուն, Տիգրան Աբրահամյանը տեղեկացրեց, որ որևէ գործընթաց դեռևս չկա, հանձնաժողովը դեռևս չի ձևավորվել։

«Նույնիսկ չձևավորված պայմաններում այն մոտեցումները, որոնք ներկայացված են եղել և որոնք բերված են այդ հանձնաժողովի հիմքում, որևէ ձևով ընդունելի չեն՝ սկսած հանձնաժողովի անդամների համամասնությունից, որովհետև եթե դա արվում է Անվտանգության հարցերի հանձնաժողովի հիմքով, ապա իշխանությունն ունի 7, իսկ ընդդդիմությունը՝ 4 ներկայացուցիչ, և, բնականաբար, այդ համամասնությամբ համարել, որ կարելի է արդյունավետ աշխատել՝ չի կարող։ Այս ձևով այդ հանձնաժողովը որևէ ձևով օբյեկտիվություն ապահովել չի կարող։ Էլ չեմ խոսում այն մասին, որ փորձագետի անվան տակ փորձում են ներգրավել անձանց, որոնք ոչ թե փորձագետ են, եթե նույնիսկ ունեն ռազմական բնույթի գիտելիքներ, այլ իրականում քաղաքական դեմքեր են, որոնք ընտրություններից առաջ այս կամ այն ձևով շփման մեջ են եղել իշխանության հետ»,- հավելեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս