Բաժիններ՝

Գյումրու ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար

Գյումրիում ընտրատեղամասերից շատերը հարմարեցված չեն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Ինչպես համապետական, այնպես էլ Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին բցված տեղամասերից շատերի մուտքերի մոտ չկան թեքահարթակներ, կամ էլ՝ լինելու դեպքում նորմերին չէին համապատասխանում:

Խնդիրն առկա է ոչ միայն Գյումրիում, այլ ողջ հանրապետությունում: «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնի ծրագրերի ղեկավար Գայանե Գրիգորյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հիշեցրեց, որ ՀՀ տեղամասային կենտրոնների մատչելիության գնահատում է իրականացվել «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում Հայաստանում (ՍԵՊՊԱ)» ծրագրի «Մատչելիություն և քաղաքական ներառում» բաղադրիչի դրամաշնորհով, որը տրամադրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսական աջակցությամբ Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) կողմից։

Ըստ Գայանե Գրիգորյանի՝ հանրապետության ամբողջ տարածքում առկա 2008 ընտրական տեղամասերից մշտադիտարկվել է 1987-ի մատչելիությունը։ «Պայմանականորեն թվով 524 տեղամասային կենտրոն կարելի է համարել մասամբ մատչելի, որոնք կարելի է քիչ ջանքերով և ֆինանսական ռեսուրսներով դարձնել լիովին մատչելի հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի անձանց համար, քանի որոշ տարածքների անմատչելիությունը պայմանավորված է ոչ միայն նախագծային և շինարարական, այլև կազմակերպչական գործոններով»,- նշեց Գայանե Գրիգորյանը՝ տեղեկացնելով, որ իրենց կողմից տարբերանշաններ են փակցվել այն կառույցների մուտքերի մոտ, որոնք հարմարեցված են կամ կիսով չափով են հարմարեցված հատուկ կարիքներով անձանց տեղաշարժման համար:

Առաջնային է ոչ միայն տեղամասերում, այլ նաև դեպի տեղամասեր տանող ճանապարհների հարմարեցումը։ Բոլոր ընտրողները պետք է հավասար հնարավորություններ ունենան՝ իրացնելու իրենց ընտրական իրավունքը, կարողանալու ինքնուրույն մասնակցել ընտրական գործընթացներին՝ առանց կողմնակի աջակցության։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան Գյումրիում տեղամասերի նախագահները վստահեցրին՝ եթե լինի անհրաժեշտություն, իրենք կօգնեն անվասայլակը ներս բերել տեղամաս, կամ դա կանեն տարածքի հասանելի վայրից;

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս