«Նշանառու կրակոցների դեպքում եթե հակառակորդը կրակում է հրաձգային զինատեսակից, մենք պատասխանում ենք խոշոր տրամաչափի գնդացիրներից». գումարտակի հրամանատար
2-րդ բանակային կորպուսն ունակ է չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք: Զորամիավորման պաշտպանական գոտի՝ հյուսիս-արևելյան և արևելյան ուղղություններ այցելած լրագրողներին վստահեցրեց բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ 44-օրյա պատերազմի արդյունքում սահմանագիծը փոխվել է, որից անմիջապես հետո կորպուսը պետական սահմանի ամբողջ երկայնքով զբաղեցրել է նոր պաշտպանություն:
Ըստ Պետրոսյանի՝ պաշտպանությանը զուգահեռ՝ իրականացվել է պաշտպանական նոր բնագծերի, կառույցների կահավորում, քարե կացարաններ են կառուցվում, տեղադրվում վագոն տնակներ, ապահովվում է դեպի մարտական դիրքեր ճանապարհային ցանցը:
Գրեթե ավարտված են նաև ձմռան նախապատրաստական աշխատանքները, լուծվել է վառելիքի, սնունդի պաշարների հարցերը:
«Մենք հիմա գտնվում ենք բանակային կորպուսի պաշտպանության գոտում՝ մարտական դիրքերից մեկում (Քարվաճառի հետ սահմանին), որտեղ իրականացվում է պետական սահմանի պահպանություն: Մարտական դիրքը կահավորվում է, արդեն իսկ ավարտական փուլի մեջ է: Կան դիտակետեր, կրակակետեր, որտեղից զինծառայողները դիտարկում են հակառակորդի շարժը, գնահատում նրա հավանական գործողությունների բնույթը»,- շարունակեց գնդապետը:
Ինչ վերաբերում է հակառակորդի սադրանքներին, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալն ասաց, որ այս ուղղությամբ նման սադրանք վերջին անգամ իրականացվել է հուլիսի 28-ին, երբ տեղի է ունեցել դիվերսիոն հետախուզական խմբի ներթափանցում: Թշնամին հետ է շպրտվել նախնական դիրքեր:
Գնդապետ Պետրոսյանն այս համատեքստում շեշտում է՝ հակառակորդը նույն հակառակորդն է մնացել:
«2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է և ունակ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարել: Դա ապացուցվել է 44-օրյա պատերազմի ընթացքում և այժմ: Կորպուսը ի վիճակի է չեզոքացնել հակառակորդի ցանկացած սադրանք»,- ընդգծեց գնդապետ Պետրոսյանը:
Հաջորդ դիրքը ծովի մակարդակից մոտ երեք հազար մետր բարձրության վրա է գտնվում, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Խաչիկ Վարդանյանը նշեց, որ իրավիճակն այստեղ ամբողջությամբ վերահսկելի է:
«Մենք կարողանում ենք հակառակորդի բոլոր դիրքերը վերահսկել: Այս ուղղությամբ (հյուսիս-արևելյան) հակառակորդը վերջին անգամ ակտիվացել է 2020-ի սեպտեմբերի 27-ին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ: Այս կողմից առաջխաղացման հնարավորություն չի եղել, քանի որ մեր դիրքերը գերիշխում են հակառակորդին: Կրակոցների ձայներ լսվում են միշտ, բայց սադրանքներ միայն պատերազմի ժամանակ են եղել, սակայն հակառակորդը հաջողություն չի ունեցել»,- ընդգծեց փոխգնդապետը՝ կրկնելով, որ իշխող բարձունքները հայկական կողմինն է:
«Նշանառու կրակոցներ գրեթե չեն լինում, լինելու դեպքում, եթե իրենք կրակում են հրաձգային զինատեսակից, մենք պատասխանում ենք մեկ աստիճան բարձր՝ խոշոր տրամաչափի գնդացիրներից: Միշտ լռեցվում են»,- եզրափակեց գումարտակի հրամանատարը: