Պարզվել է, որ Արմավիրում դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումները կատարել է նույն անձը. 35-ամյա կինը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործերով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող դեղատների աշխատակիցների նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքերի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել ան մասին, որ դեղատների աշխատակիցների նկատմամբ ավազակային հարձակումներն առերևույթ կատարել է նույն անձը, ով Արմավիրի մարզի բնակչուհի է՝ 35 տարեկան:
Քննության տվյալներով՝ վերջինս 2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:00-ի և 18:30-ի սահմաններում, դիմակավորված բժշկական դիմակով, մտել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում գտնվող երկու տարբեր դեղատներ և իր մոտ եղած դանակով սպառնալով աշխատակիցներին՝ հափշտակել է դեղատան դրամարկղում եղած գումարն ու դիմել փախուստի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ենթադրյալ հանցագործություն կատարած 35-ամյա կինը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով:
Որոշում է կայացվել` դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: