Նիկոլ Փաշինյանի պատասխանը թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին Ալիևի հայտարարությանը

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների առաջնորդները: Նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը և տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Իր ելույթում, Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Հարգելի գործընկերներ,
Անկախ պետությունների համագործակցության այս հոբելյանական տարում նախագահությունն իրականացնում է Բելառուսը, որը, չնայած մի շարք համաճարակաբանական սահմանափակումներին, գործադրել է բոլոր ջանքերը համագործակցությունը խթանելու համար: 30-ամյակը լավ առիթ է կատարված աշխատանքի արդյունքների վերաբերյալ կարծիքներ փոխանակելու, կազմակերպության հետագա զարգացման ուղիները նախանշելու համար:

Կազմակերպության դերն ու կարևորությունը տարբեր փուլերում տարբեր կերպ են դիտարկվել: Մենք աջակցում ենք ԱՊՀ ստեղծման 30-ամյակի կապակցությամբ Հայտարարությունը: Այն տալիս է ոչ միայն կազմակերպության գործունեության գնահատականը, այլ նաև նախանշում է դրա հետագա զարգացման ուղղությունները: Նախանշված են փոխգործակցության ուղիները, այդ թվում` «կանաչ» տնտեսության, թվայնացման, արդյունաբերական կոոպերացիայի, նորարարական տեխնոլոգիաների, բնական և տնտեսական ռեսուրսների արդյունավետ կիրառման, փոքր և միջին բիզնեսի աջակցության ուղղությամբ:

ԱՊՀ ուժեղ կողմերից մեկը միշտ եղել է հումանիտար հարցերի շուրջ համագործակցությունը, որը, ի թիվս այլ բաների, կապ է ապահովում անցյալի և ապագայի միջև: Դրա վառ ապացույցն է, օրինակ, «100 գաղափար ԱՊՀ երկրների համար» ամենամյա երիտասարդական մրցույթը, որը վերջերս անցկացվեց Հայաստանի Սյունիքի մարզի մարզկենտրոնում՝ Կապան քաղաքում:

Մենք ուրախությամբ աջակցում ենք Մոլդովայի Կոմրատ քաղաքը՝ 2023 թվականին Համագործակցության մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշմանը:

Մենք նաև աջակցում ենք քաղաքացիների կենսաբանական անվտանգության, միգրացիայի և ընտրական իրավունքների պաշտպանության և Համագործակցության անդամ երկրների ընտրական ինքնիշխանության երաշխիքների մասին հայտարարությունները:

Հարգելի գործընկերներ,
Օգտվելով առիթից՝ կցանկանայի կիսվել ձեզ հետ անցյալ տարվա պատերազմից հետո մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ իմ գնահատականներով և ձեզ ծանոթացնել դրա ապագայի վերաբերյալ իմ պատկերացումներին:

Ինչպես բոլորդ գիտեք, Ռուսաստանի Դաշնության միջնորդական ջանքերի շնորհիվ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հնարավոր եղավ հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման: Մոսկվայի միջնորդական ջանքերի արդյունքում ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայվել են ռուս խաղաղապահներ` նրա անվտանգությունն ապահովելու համար: Ռուսաստանի Դաշնությունը և նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր խաղացին 44-օրյա պատերազմն ավարտելու գործում: Նրանք այսօր ևս մեծ դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում:

Մենք շնորհակալություն ենք հայտնում այս ջանքերի համար և լիովին կիսում ենք այն փիլիսոփայությունը, որի վրա դրանք հիմնված են:

Մեր տարածաշրջանն այսօր գտնվում է շատ կարևոր փոխակերպումների շեմին: Քաղաքական կամքի և իմաստության ցուցաբերման պարագայում դրանք կարող են փոխել ներկայիս պատկերը և հանգեցնել իրական խաղաղության ու կայունության պայմանների ստեղծմանը:

Մենք պատրաստ ենք նման փոփոխությունների: Ավելին, դրանք համընկնում են ապագայի մեր տեսլականի հետ: Հայաստանի կառավարությունն իր գործունեության ծրագրում նպատակ է դրել բացել «մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման նոր դարաշրջան»: Եվ մենք, հաղթելով այս տարվա հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ստացանք այս հիմնարար նպատակին հասնելու մանդատ:

Այնուամենայնիվ, կան բազմաթիվ գործոններ, որոնք կասկածի տակ են դնում մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը: Չնայած բոլոր քաղաքական ջանքերին և ի հեճուկս եռակողմ հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել մարդիկ: Այս առումով, ես առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցմանն հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները: Թշնամանքի և ատելության հռետորաբանությունը, մշտական սպառնալիքներն ու սադրանքները մեզ համար դարձել են առօրեական:

Շատերը ոչ միայն չեն հավատում, այլև չեն ցանկանում, որ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատվի: Եվ այս պայմաններում շատ դժվար է առաջ տանել խաղաղության օրակարգը: Բայց մենք վճռական ենք և կանենք հնարավորը՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար, և մենք հստակ պատկերացում ունենք, թե ինչպես հասնել այս նպատակին: Երկխոսությունը և, ցավոք, մեր տարածաշրջանում գոյություն ունեցող թշնամանքի մթնոլորտի աստիճանական հաղթահարումը, բոլոր տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումը միակ ճանապարհն է, որը, մեր կարծիքով, կարող է հասցնել այս նպատակին:

Այս համատեքստում, շատ կարևոր է կատարել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում մենք աշխատում ենք բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների բացման ուղղությամբ և հույս ունենք մոտ ապագայում հասնել կոնկրետ արդյունքների: Սա նշանակում է, որ Հայաստանը կստանա երկաթգծային և ավտոմոբիլային կապի ճանապարհ Ռուսաստանի հետ և երկաթուղային կապ Իրանի հետ՝ Ադրբեջանի տարածքով, իսկ Ադրբեջանը՝ երկաթգծային և ավտոմոբիլային կապ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ՝ Հայաստանի տարածքով:

Շատ կարևոր է նշել, որ մենք աջակցում ենք տրանսպորտային հաղորդակցության բացման այն սցենարները, որոնք կդառնան ոչ թե մեկուսացման և թշնամանքի, այլ խաղաղության հաստատման խորհրդանիշներ և միջոցներ: Հարգելի գործընկերներ, Տնտեսական և քաղաքական խնդիրների վերաբերյալ ցանկացած առաջընթացի հասնելու համար չափազանց կարևոր է այն մթնոլորտը, որում դրանք քննարկվում են: Այստեղ պետք է ցավով արձանագրեմ, որ չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը դեռ չի վերադարձրել բոլոր հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց:

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ այս հայտարարությունը վերաբերում է ոչ միայն ռազմագերիներին, այլև պատանդներին և այլ պահվող անձանց: Սա զուտ մարդասիրական խնդիր է, և մենք հույս ունենք րոպե առաջ լուծել այն:

Այս համատեքստում, ցանկանում եմ հավաստիացնել, որ
Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել Ադրբեջանին այն ականապատ դաշտերի քարտեզների փոխանցումը, որոնք տեղակայված են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, այսինքն՝ հումանիտար վտանգ են ներկայացնում: Կան այլ գործոններ, որոնք բացասաբար են անդրադառնում մեր տարածաշրջանում առանց այդ էլ լարված իրավիճակի վրա:

Մասնավորապես, ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Ադրբեջանի մայրաքաղաքում, այսպես կոչված, ավարի պուրակի գոյության վրա: Նման պրակտիկա կար. այցելուները կարող էին «հիանալ մանեկեններով», որոնք պատկերում էին գերեվարված, սպանված կամ արյունահոսող հայ զինվորներին: Առավել ցավալի է, որ այնտեղ կազմակերպվում են էքսկուրսիաներ ադրբեջանցի դպրոցականների համար, ովքեր հպարտությամբ սելֆիներ են անում և տեղադրում դրանք սոցիալական ցանցերում:

Օրերս մենք իմացանք, որ մանեկեններն ու մեր մահացած զինվորների սաղավարտները հանվել են պուրակից, և սա, առնվազն, վատ չէ: Տևական խաղաղության հասնելու մեկ այլ կարևոր խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը:

Մենք պատրաստ ենք սկսել այդ գործընթացը, և այս հարցում ակնկալում ենք նաև Ռուսաստանի և մեր մյուս միջազգային գործընկերների աջակցությունը: Այստեղ պետք է նշեմ, որ առկա խոչընդոտները հաղթահարելու համար շատ կարևոր է բարենպաստ մթնոլորտը:

Այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել սահմանագծման և սահմանազատման աշխատանքներն այն սահմաններում, որոնք վերջերս խախտվել են Ադրբեջանի կողմից և որտեղ գրեթե պարբերաբար կրակոցներ են հնչում: Մասնավորապես, նկատի ունեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի Սոթք-Խոզնավար հատվածը:

Մենք բազմիցս առաջարկել ենք այդ հատվածում իրականացնել զինված ստորաբաժանումների հայելային դուրսբերում` հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագիծը, որն օրինականորեն հիմնավորված է և գրանցված է ԽՍՀՄ քարտեզներով: Այս սահմանի երկայնքով կարող են տեղակայվել ռուս սահմանապահներ և/կամ միջազգային դիտորդներ: Այս սխեման ստացել է Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, և մենք սպասում ենք այս ուղղությամբ աշխատանքների վերսկսմանը:

Հարգելի գործընկերներ, Իհարկե, հիմնական խնդիրը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է: Այդ նպատակով մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնումը: Վերջին ամիսներին համանախագահներն իրենց հայտարարություններում բազմիցս նշել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը: Համանախագահների գործունեության համատեքստում գոհունակությամբ ենք նշում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում:

Մենք ողջունում և գոհունակությամբ նշում ենք ԱԳ նախարարների երեկվա հանդիպումը, որը տեղի է ունեցել Մինսկում՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ: Կարևոր քայլ կլինի համանախագահների առաջիկա այցը տարածաշրջան և Լեռնային Ղարաբաղ:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանը պատրաստ է աշխատել իմ նշած բոլոր ուղղություններով: Մենք համոզված ենք, որ այս բոլոր խնդիրների լուծումը զգալի առաջընթաց կապահովի մեր տարածաշրջանում երկարատև և տևական խաղաղության պայմանների ստեղծման գործում: Եվ պետք է նշեմ, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները կարգավորելու նպատակով խոսակցության սկիզբը ևս մեկ գործոն է, որը կարող է կատալիզատորի դեր խաղալ այս հարցում: Այս առումով, պետք է նշեմ նաև, որ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնում լիարժեք աջակցել այս գործընթացին:

Սիրելի բարեկամներ,
Չեմ կարծում, որ այս հարթակը հարմար վայր է մեր համատեղ պատմությունը վերլուծելու համար: Տեղեկացնեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայցեր են ներկայացրել Հաագայի միջազգային դատարան, որտեղ գործընթացն այժմ սկսված է: Կարծում եմ, որ այդ գործընթացի համատեքստում կարելի է բարձրաձայնել այն բոլոր մեղադրանքները, որոնք ունի Հայաստանը: Համենայն դեպս, մենք պատրաստվում ենք դա անել և հիմնավորել մեր դիրքորոշումը ԼՂ հակամարտության գործընթացում:

Չեմ կարող չարձագանքել թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին հայտարարությանը, որը, ինչպես նշվեց, «կազմակերպվում է» Հայաստանի և Իրանի կողմից: Ցանկանում եմ նշել, որ մենք շատ սերտորեն համագործակցում ենք Իրանի իրավապահ մարմինների հետ և շատ արդյունավետ պայքարում ենք թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Կարող եմ ներկայացնել նաև թվեր, որոնք ցույց են տալիս, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով կալանավորումների և առգրավված թմրանյութերի քանակն աճել է երեք, չորս և նույնիսկ ավելի անգամ: Սա ցույց է տալիս, որ Հայաստանի և Իրանի իրավապահ մարմինները շատ սերտորեն և արդյունավետորեն համագործակցում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Հարգելի գործընկերներ, Եզրափակելով խոսքս՝ հաշվի առնելով Մինսկից նախագահության անցումը Նուր-Սուլթանին, ցանկանում եմ մաղթել Ղազախստանին հաջող նախագահություն, ինչում, վստահ եմ, պատրաստ են իրենց ներդրումն ունենալ և՛ մասնակից պետությունները, և՛ ԱՊՀ գործադիր կոմիտեն՝ հարգարժան Սերգեյ Լեբեդևի գլխավորությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար»։

Տեսանյութեր

Լրահոս