Ինչո՞ւ են իշխանությունները ցանկանում ազատվել ազատ մամուլից, ազատ խոսքից
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը երեկ «Այլընտրանքային նախագծեր» խմբի կազմակերպած «Դեպի բռնապետություն. Հետընթաց իրավունքներից» պանելային քննարկման ժամանակ նշել է, որ հանրային տրամադրություններում, սոցիական մեդիայում, այլ հարթակներում գեներացվում է մամուլի նկատմամբ թշնամանք, և տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում մամուլը, ազատ խոսքն առաջիկայում գործող իշխանությունների կողմից կարող է հռչակվել որպես դասակարգային թշնամի, որը խանգարում է իշխանությանը իրագործել իր սիրած «պողպատյա մանդատը»։
Նա նաև նշեց, որ մամուլի հետ կապված այս իրավիճակը միայն առաջին հայացքից է վերաբերում լրագրողներին։ Իրականում սա բացառապես քաղաքական խնդիր է և արտացոլում է ժողովդրավարության, մարդու իրավունքների, ազատությունների նկատմամբ ՀՀ գործող իշխանության վերաբերմունքը։
Նրա համոզմամբ՝ այդ իրավիճակի խորքային պատճառն այն է, որ Հայաստանում հաստատվել և խորանում է ձևով ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ավտորիտար, բռնատիրական համակարգ, որի համար ազատ խոսքն ու մամուլը թշնամիներ են։
Ստորև ներկայացնում ենք Ս. Սեյրանյանի ելույթն ամբողջությամբ.
«Անցած 3,5 տարիներին, բայց հատկապես պատերազմի ընթացքում ու դրանից հետո, խոսքի ազատության ու մամուլի դեմ իշխանությունների գործողությունները կրում են խիստ համակարգված, հետևողական բնույթ։
Մամուլի դեմ իշխանությունները պայքարում են միաժամանակ մի քանի հարթությունում՝ օրենսդրական, որպես դրա հետևանք՝ ֆինանսական, բայց հավասարապես նաև քարոզչական մակարդակներում։
Խոսքի ազատության համընդհանուր նորմերի ու սահմանադրական իրավունքների հետ ակնհայտ հակասություններ ունեցող ամենատարբեր օրենսդրական նախաձեռնություններով մի կողմից՝ փորձ է արվում լռեցնել ու վերահսկելի դարձնել մամուլը, մյուս կողմից՝ նրան զրկել առանց այդ էլ սուղ ֆինանսական միջոցներից ու աղբյուրներից։
Ասվածը վերաբերում է՝ ինչպես Գովազդի մասին օրենքում կատարված հայտնի փոփոխություններին, այնպես էլ՝ վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված պատժաչափերը բազմապատկելու աղմկահարույց օրենքին, որը վերջերս ֆորմալ լեգիտիմացում ստացավ նաև Սահմանադրական դատարանի կողմից։
Այս ամենին զուգահեռ՝ ազատ խոսքի ու մամուլի դեմ ընթանում է լատենտ պայքար նաև քարոզչական դաշտում, իշխանությունն ըստ էության մամուլը հռչակել է որպես դասակարգային թշնամի, և ամենատարբեր միջոցներով հասարակության շրջանում փորձ է արվում ձևավորել կարծրատիպ, որ լրատվամիջոցներն իշխանություններին խանգարում են աշխատել, ծաղկեցնել ու շենացնել երկիրը։
Չափազանց կարևոր է, սակայն, արձանագրել, որ մամուլի դեմ ծավալված արշավն իրականում ուղղված է ոչ թե առանձին վերցրած լրատվամիջոցների, այլ խոսքի ազատության դեմ ընդհանրապես և տեղավորվում է ավտորիտար կամ բռնապետական իշխանություն ձևավորելու ընդհանուր քաղաքականության շրջանակներում։ Գործող իշխանությունը փորձում է վերացնել հանրային կառավարման համակարգի բոլոր այն ենթահամակարգերը, որոնք թեկուզ փոքր չափով կարող են իրականացնել իշխանությանը վերահսկելու գործառույթ և ապահովել հակակշիռների ու փոխզսպումների մեխանիզմի առկայությունը, որն ընկած է ժողովրդավարական կարգի հիմքում։
Քաղաքացիական հասարակության գրեթե բացակայության կամ դեֆորմացման պայմաններում մամուլը մնացել է այն միակ համակարգը, որն իրականացնում է այդ գործառույթը, ուստի միանգամայն հասկանալի է իշխանության նախանձախնդրությունը լրատվամիջոցների դեմ պայքարի հարցում։ Մամուլն այն քիչ հակակշիռներից է, որը խոչընդոտում է ամբողջությամբ միանձնյա, որևէ իրական վերահսկողությունից դուրս իշխանություն հաստատելու նկրտումներին։ Հետևաբար, մամուլի դեմ իշխանությունների կողմից իրականացվող արշավի հաջողության դեպքում, Հայաստանը հաստատուն քայլեր է կատարելու դեպի դիկտատուրա տանող ճանապարհին։
Ստեղծված իրավիճակի նրբություններից մեկն այն է, որ գործնականում այս հարցում մամուլը, լրատվամիջոցները մնացել են միայնակ և իշխանությունների կամայականությունների դեմ պայքարում ըստ էության դաշնակիցներ չունեն։ Եթե նախկինում այդ դերը կատարում էին ակտիվ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, Հայաստանում ու Հայաստանից դուրս գործող համապատասխան միջազգային կազմակերպությունները, ապա այսօր դրանք գրեթե բոլորը լուռ են և իրենց լռությամբ էլ ավելի են քաջալերում իշխանություններին՝ շարունակելու մամուլի դեմ իրենց հաղթարշավը։ Սակայն պետք է արձանագրել նաև, որ ի պատիվ մեր բազմաթիվ գործընկերների, անկախ լրատվամիջոցներից շատերը հաստատակամ են իրենց առաքելության մեջ և շարունակում են աշխատել ամեն օր ավելացող սահմանափակումների պայմաններում։
Մամուլն այս իմաստով ունի առանցքային դերակատարում և հանդիսանում է լրջագույն պատվար՝ դեպի բռնապետություն տանող ճանապարհին։ Ուզում եմ հույս հայտնել, որ իր այս կարևոր առաքելության մեջ մամուլը չի մնա միայնակ, ինչպես որ այսօր է, և կունենա դաշնակիցներ Հայաստանն իրապես ժողովրդավարական պետություն դարձնելու դժվարին գործում»։