«Պարոն Չարչյանը ծանր վիճակում է, նա քաղաքացիական հիվանդանոցում չէ». Պաշտպան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ անազատության մեջ գտնվող Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը։
«Պարոն Չարչյանը ծանր վիճակում է, որովհետև հիվանդության այն տեսակը, որը նա ունի, խոսքը մասնավորապես վերաբերում է շաքարային դիաբետի ծանր ձևին՝ ինսուլինակախյալ, մինչև օրս պարոն Չարչյանը շարունակում է ստանալ 100-ից ավելի միավոր ինսուլին, ինչը շատ խնդրահարույց հանգամանք է»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը։
Ինչ վերաբերում է դատաբժշկական եզրակացությանը, ապա մինչև օրս դատաբժշկական եզրակացություն չունեն և ամեն օր սպասում են, թե երբ պետք է այն լինի, որպեսզի հաջորդ դատական նիտում դրա առկայության պայմաններում արդեն վերջնականապես քննարկվի խափանման միջոցի փոփոխման հարցը։
«Գրավի դիմաց խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ իմ միջնորդությունը դատարանը հետաձգեց՝ պայմանավորելով հենց այդ եզրակացությունով։ Ներկա պահին Արմեն Չարչյանը գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում, քաղաքացիական հիվանդանոցում չէ»,- եզրափակեց Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Չարչյանը մեղադրվում է, որ որպես «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ գործադիր տնօրեն, նույն բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել էր մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, և ըստ մեղադրանքի՝ դա կատարել է՝ օգտվելով աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածություն ունենալու հանգամանքից։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում