«Սա ժողովրդի համար նորմալ չէ, տհաճ երևույթ է․ ժողովուրդը խաղաղ պայմաններում ապրելու իրավունք ունի». Հարավի գյուղապետ

Հոկտեմբերի 14-ի կեսգիշերին թշնամին կրակ է բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հարավ գյուղի մոտակայքում տեղակայված դիրքերի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Հարավի գյուղապետ Անդրանիկ Ղազարյանն ասաց, որ կրակոցները եղել են դիրքերի վրա, թշնամին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

«Բարեբախտաբար, կրակոցները գյուղի վրա չեն եղել, վնասներ չունենք։ Այս պահին իրավիճակը նորմալ է, մարդիկ իրենց կյանքով ապրում են։ Ես հիմա չեմ կարող ասել, թե թշնամին իր սադրիչ գործողություններով ինչ նպատակ է հետապնդում, բայց ասեմ, որ սա ժողովրդի համար նորմալ չէ, տհաճ երևույթ է։ Ամեն օր չեն կարող այդ մարդիկ նման լարված իրավիճակում ապրեն»,- նշեց Անդրանիկ Ղազարյանը։

Ըստ նրա, կրակոցները բնակչության շրջանում խուճապ չեն առաջացրել, բայց այնպես էլ չէ, որ սովորական երևույթ է այդ ամենը։

«Վերջին մեկ տարվա մեջ առաջին անգամ է, որ այդպես ինտենսիվ կրակել է թշնամին, այդպես չպետք է լինի, մեր ժողովուրդը խաղաղ պայմաններում ապրելու իրավունք ունի»,- եզրափակեց Հարավի գյուղապետը։

Տեսանյութեր

Լրահոս